Արմինֆո. ԼՂՀ ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը ստացել է նախաքննության մարմնի միջնորդությունը՝ ԼՂՀ քրեական օրենսգրքի 33-317-րդ հոդվածով և 350-րդ հոդվածի 1-ին մասով մեղադրվող Էլնուր Հուսեյնզադեի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու մասին: Միջնորդությունը քննարկվել է դռնփակ դատական նիստում՝ մեղադրյալի, նրա պաշտպանի և թարգմանչի մասնակցությամբ: Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդեցին ԼՂՀ դատական դեպարտամենտից, դատարանի որոշմամբ ԼՂՀ քրեական դատավարության օրենսգրքի 146-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված հիմքով մեղադրյալի նկատմամբ կիրառվել է խափանման միջոց՝ կալանավորում երկու ամիս ժամկետով:
Հիշեցնենք, որ Հուսեյնզադեն գերի էր ընկել փետրվարի 1-ին ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հյուսիսային (Թալիշ) ուղղությամբ հակառակորդի դիվերսիայի ժամանակ: Եվս մեկ ադրբեջանցի զինծառայող վիրավորվել էր: Շուտով Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը տարածել էր հայտարարություն այն մասին, թե իբր Էլնուր Հյուսեյզադեն զինվորական ծառայության ընթացքում պարբերաբար խախտել է զինվորական կարգապահությունը, խուսափել է ծառայությունից, իսկ հետագայում զորացրվել է Ադրբեջանի ԶՈՒ շարքերից: Օրերս Արցախի մարդու իրավունքների պաշտպան Ռուբեն Մելիքյանն այցելել է Հուսեյնզադեին, հավաստիացել էր, որ Հուսեյնզադեին տրամադրվել է հանրային պաշտպան և ադրբեջաներենի թարգմանիչ, որոնց մասնակցությամբ արդեն իսկ կատարվել են մի շարք դատավարական գործողություններ: Մեկուսի հաղորդակցման ընթացքում Էլնուր Հուսեյնզադեն առողջական վիճակի կամ իր նկատմամբ վատ վերաբերմունքի մասին որևէ գանգատ չէր ներկայացրել։