Արմինֆո.Տիգրան Ուրիխանյանի «Ալյանս» կուսակցությունը խորհրդարանական ընտրություններն կմասնակցի «Գագիկ Ծառուկյան» դաշինքի կազմում: Այդ մասին այսօր մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Ուրիխանյանը: Նա ընդգծել է, որ այն գործիչն է, ով միշտ գտնվել է Ծառուկյանի կողքին՝ նույնիսկ քաղաքականությունից նրա հեռանալուց հետո:
Նշենք, որ խորհրդարանական աղբյուրներից ԱրմԻնֆո-ի տեղեկությունների համաձայն, «Ալյանս» կուսակցության, մասնավորապես, Ուրիխանյանի «Ծառուկյան» դաշինք մտնելուն դեմ է եղել «Բարգավաճ Հայաստանի» առաջնորդ Նաիրա Զոհրաբյանը: Ուրիխանյանի և Զոհրաբյանի միջև սուր առճակատում է առաջացել՝ վերաճելով սոցցանցերում և ԶԼՄ-ներում անձնական վիրավորանքների:
Փետրվարի 5-ին «Ծառուկյան» դաշինքը համագործակցության հուշագիր կստորագրի: Դաշինքի կազմում կընդգրկվեն «Բարգավաճ Հայաստան», «Ռազմկավար Ազատական», Սոցիալ-դեմոկրատ Հնչակյան կուսակցությունները, Հայոց համազգային շարժում և «Ալյանսը»: Դաշինքի համամասնական ցուցակը կգլխավորի Ծառուկյանը, կընդգրկվեն նաև ՀՀՇ առաջնորդ Արարատ Զուրաբյանը և նախկին արտգործնախարար Ալեքսանդր Արզումանյանը, ՍԴՀԿ ատենապետ Նարեկ Գալստյանը, ՌԱԿ ատենապետ Հակոբ Ավետիքյանը, «Ալյանսից» Տիգրան Ուրիխանյանը, «Բարգավաճ Հայաստան»-ից Նաիրա Զոհրաբյանը, Վահե Էնֆիաջյանը, Միքայել Մելքումյանը, ցուցակում կլինի նաև Ծառուկյանի մամուլի քարտուղար Իվետա Տոնոյանը:
Իսկ ահա դաշինքի ռեյտինգային ցուցակը չափազանց հետաքրքիր կլինի. կառաջադրվեն այնպիսի «հեղինակություններ», ինչպես՝ Սերգեյ Հովհաննիսյանը /Կադիլագ Սերոժ/, Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը /Վարդանիկ/, նախկին հանրապետական պատգամավոր Հակոբ Հակոբյանը /Ճոյտ/, նախկին սկանդալային պատգամավոր Զորիկ Զոհրաբյանը /Ջիմմի/, Արաբկիրի նախկին թաղապետ Հովիկ Շահինյանը, պատգամավոր Մհեր Սեդրակյանի /Թոխմախի Մհեր/ որդի Դավիթը, ինչպես նաև Ծառուկյանի փեսան՝ Արտաշատի քաղաքապետ Արգամ Աբրահամյանը: