Արմինֆո. Սահմանադրական բարեփոխումների շուրջ խմորումները և հուզումները Հայաստանում և Արցախում վերաբերում են ոչ թե հայկական պետությունների ճակատագրին, այլ՝ իշխանության խնդիրներին, ԱրմԻնֆո-ին այդպիսի կարծիք է հայտնել «Աշխարհե ռազմավարական հետազոտությունների կենտրոնի (Ստեփանակերտ) տնօրեն, ռազմական և ազգային անվտանգության խնդիրների փորձագետ Հրաչյա Արզումանյանը:
«Դա քաղաքական կյանք է, բայց ոչ՝ քաղաքականություն և ռազմավարություն: Այդ ամենը բավական անհետաքրքիր և կանխատեսելի է: Կտրվելով իրողութուններից և նայելով հայկական պետություններում սահմանադրական բարեփոխումներին պատմական հեռանկարում և այլ երկրների ու ժողովուրդների փորձի լույսի ներքո՝ պարզ է դառնում իրավիճակի ողջ միանշանակությունը: Մասնավորապես, հայտնի չէ իշխանությունը պահելու նպատակով «խաղի կանոնների» փոփոխության՝ հասարակության և պետությունների վրա բարենպաստ ազդեցության որևէ դեպք: Այդ ամենը միշտ վատ ավարտ է ունենում»,- նշել է նա:
Վերլուծաբանը նշել է, որ իր կարծիքի հավաստում են մի շարք օրինակներ Եվրոպայում, Ամերիկայում, Աֆրիկայում, Ասիայում: XIX դարի վերջին-XX դարի սկզբին նույն Արգենտինան եվրոպական երկրների մեծ մասից առնվազն աղքատ չէր: Սակայն, Սահմանադրության տեքստի շահարկման հաշվին իշխանությունը պահպանելու ձգտումն Արգենտինային «բարձրագույն լիգայից» տեղափոխեց առաջին և նույնիսկ երկրորդ լիգա:
2017 թ. փետրվարի 20-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում տեղի կունենա սահմանադրական հանրաքվե: Հունվարի 17-ին ԼՂՀ խորհրդարանը որոշում է կայացրել սահմանդրական բարեփոխումների նախագծի շուրջ հանրաքվե անցկացնելու վերաբերյալ: Նիստին ներկա 28 պատգամավորներից 20-ը «կողմ» է քվեարկել այդ որոշմանը, «դեմ»` 7-ը, 1-ը ձեռնպահ է մնացել: Հունվարի 19-ին Արցախի նախագահ Բակո Սահակյանը հրամանագիր է ստորագրել Սահմանադրության նախագիծը հանրաքվեի դնելու մասին: