Արմինֆո. Վարչապետ Կարեն Կարապետյանը խուսափել է Վանաձորի ավագանու խորհուրդը ցրելու հարցի քաղաքական լուծումից՝ անդրադառնալով միայն խնդրի տեխնիկական կողմին, ԱրմԻնֆո-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է Վանաձորի ավագանու խորհրդում «Լուսավոր Հայաստան» կուսակցության խմբակցության ղեկավար Քրիստ Մարուքյանը՝ անդրադառնալով Խորհուրդը ցրելու վերաբերյալ իրենց նամակին վարչապետի պատասխանին:
Ըստ որում, Մարուքյանն ընդգծել է, որ եթե իրավիճակը շարունակի անփոփոխ մնալ, Խորհուրդը, միևնույն է, կցրվի, եթե ոչ հիմա, ապա՝ ընթացիկ տարվա գարնանը՝ տեղական ինքնակառավարման մասին օրենքի համաձայն. «Ավագանու խորհրդի լիազորությունները վաղաժամկետ դադարեցվում են, եթե վերջինիս անդամների կողմից նիստերի իրավազորությունը չապահովելու պատճառով 6 ամսվա ընթացքում չի հաջողվում դրանք անցկացնել»:
Նշենք, որ վարչապետ Կարեն Կարապետյանը մերժմամբ է պատասխանել Վանաձորի ավագանու խորհուրդը լուծարելու անհրաժեշտության վերաբերյալ «Լուսավոր Հայաստան» կուսակցության նամակին: Հիշեցնենք, որ նամակում կուսակցությունը, մասնավորապես, վարչապետին առաջարկում էր դադարեցնել Վանաձորի ավագանու խորհրդի լիազորությունները, քանի որ խորհուրդը երեք ամիս նիստեր չի անցկացնում, իսկ, համաձայն ՏԻՄ մասին օրենքի, նման դեպքերում գործադիր իշխանությունը կարող է դրա լուծարման մասին որոշում կայացնել: Սակայն, Կարեն Կարապետյանն իր մերժումը բացատրել է այն փաստով, որ Վանաձոր համայքնի ավագանու խորհրդի հոկտեմբերի 10-ին կայացած վերջին նիստից մինչև դեկտեմբերի 28-ը, երբ կառավարությունն ստացել է նամակը, երեք ամիս չի անցել, հետևաբար «խորհուրդը լուծարելու համար առայժմ պատճառ չկար»,- ասվում է վարչապետի նամակում։
Հիշեցնենք, որ Վանաձորի ավագանու խորհրդի ընտրությունների արդյունքում միացյալ ընդդիմությունն ավելի շատ ձայն էր հավաքել, քան կառավարող ՀՀԿ-ն: «Լուսավոր Հայաստան», «Հայկական վերածնունդ» և «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունների միջև պայմանավորվածության արդյունքում որոշում էր կայացվել քվեարկել «Լուսավոր Հայաստանի» թեկնածու Քրիստ Մարուքյանի օգտին: Սակայն փակ, գաղտնի քվեարկության ժամանակ կուսակցություններից մեկը (ԱրմԻնֆո-ի տվյալներով` «Հայկական վերածնունդը» - խմբ.) խախտել էր պայմանավորվածությունը` քվեարկելով ՀՀԿ թեկնածու Մամիկոն Ասլանյանի օգտին: Հետագայում, այդուհանդերձ, երեք կուսակցություններին հաջողվել էր պայմանավորվել խորհրդի նիստերի համատեղ բոյկոտի շուրջ: Մինչդեռ, ՏԻՄ մասին օրենքին համաձայն, եթե ավագանու խորհուրդը երեք ամսվա ընթացքում նիստեր չի անցկացնում, կառավարությունը կարող է լուծարել այն: