Արմինֆո.Հաշվի առնելով, որ վերստեղծել ԽՍՀՄ-ը ոչ ոք մտադիր չէ՝ հայերն ու ադրբեջանցիները կարող են հանգիստ ապրել՝ ձգտելով չսպանել միմյանց Ղարաբաղում, համոզված է ռուսաստանցի արևելագետ, «Մերձավոր Արևելքի ինստիտուտ» անկախ գիտական կենտրոնի նախագահ Եվգենի Սատանովսկին:
«Խորհրդային Միության նմանակը՝ Հայաստանի, Ադրբեջանի և, իհարկե, Ղարաբաղի մասնակցությամբ, բոլոր անհրաժեշտ նախադրյալները կստեղծեր արտաքին կառավարմամբ մեկ ինտեգրացիոն տարածությունում այդ սուբյեկտների խաղաղ գոյակցության համար: Սակայն, այսօր բոլորը և առաջին հերթին Ռուսաստանի նախագահ Պուտինն ամենևին դրան չեն ձգտում»,- նշել է նա:
Սատանովսկին նշել է, որ Ղարաբաղը վաղուց Ադրեջանի մաս չի կազմում, և ապրիլյան մինի-պատերազմից հետո բոլորը հասկանում են, որ արցախցիներին Ադրբեջանի կազմ վերադարձ չի սպառնում՝ նույնիսկ Անկարայի կողմից Բաքվին ամենահզոր աջակցության դեպքում:
Նրա խոսքով, Լեռնային Ղարաբաղը միանշանակ ինքնուրույն սուբյեկտ է և բավական հաջող զարգանում է: Եվ Բաքուն, իհարկե, բավական ծանր է տանում նման կարգավիճակով վերջինիս գոյության փաստը:
«Իհարկե, այսօր չենք կարող հավաստել, որ վերջինիս կարգավիճակի ամրագրման համար անհրաժեշտ ամեն բան արվել է, սակայն Ղարաբաղը տասնամյակներ ապրում է ինքնուրույն՝ ունենալով բավականին լավ տնտեսություն, բարգավաճող մայրաքաղաք Ստեփանակերտը: Չնայած Ադրբեջանի տարածքով այդ երկիր այցելել, իհարկե, չեմ համարձակվի»,- ամփոփել է վերլուծաբանը:
ԼՂՀ այցելելու համար Եվգենի Սատանովսկին օտարերկրյա պետությունների մյուս 180 քաղաքացու թվում Ադրբեջանի, այսպես կոչված, «սև ցուցակում» է ընդգրկվել: