Արմինֆո.Եվրամիությունն ակնկալում է, որ հայ-եվրոպական հարաբերություններում ամրագրված դրական դինամիկան կպահպանվի նաև 2017 թվականին: Այդ մասին այսօր մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Պյոտր Սվիտալսկին:
Ըստ որում, նա հույս է հայտնել, որ Հայաստանի և ԵՄ միջև նոր իրավական փաստաթուղթն այս տարի իրողություն կդառնա: «Հանգուցալուծումը, իրոք, մոտ է: Թեև չեմ կարող կոնկրետ ժամկետներ նշել, բայց բանակցողները մոտ են փաստաթղթի ստորագրմանը»,-նշել է եվրոպացի պաշտոնյան: Ըստ որում, նա ավելացրել է, որ բանակցությունների հաջող ավարտը նշանակալի իրադարձություն կլինի 2017 թ. երկկողմ հարաբերություններում:
Սվիտալսկին նշել է, որ ԵՄ-ն ակնկալում է նաև, որ կավարտվեն գործընկերության առաջնահերթությունների շուրջ քննարկումները, որոնք կձևակերպվեն քաղաքականապես պարտադիր փաստաթղթում, որտեղ կնշվեն «Արևելյան գործընկերության» շրջանակներում ԵՄ հետ գործընկերության առաջնահերթությունները, կձևակերպվեն երկկողմ փոխգործակցության հիմնական ուղղությունները:
«Մենք ակնկալում ենք նաև, որ վերջնական տեսքի կբերվեն և կավարտվեն միասնական աջակցության շրջանակներում նոր քննարկումները, որում կձևակերպվեն ԵՄ աջակցման առաջնահերթությունները Հայաստանի զարգացման համար: Հուսով ենք, որ 2016 թ. ձևավորված հարաբերությունների դինամիկան կպահպանվի նաև 2017 թվականին, ինչն իր հերթին որակական նոր մակարդակի կբարձրացնի մեր համագործակցությունը»,-նշել է դիվանագետը:
Միաժամանակ նա ավելացրել է, որ ԵՄ-ն առաջիկա ամիսներին աշխատելու է հինգ առաջնահերթ ուղղություններով: Մասնավորապես՝ ընտրական գործընթաց, որի հաջող անցկացման համար ԵՄ-ն բավական լուրջ միջոցներ է հատկացրել, ինչի հետ կապված՝ առաջիկա խորհրդարանական ընտրությունները գտնվելու են կառույցի ուշադրության կենտրոնում: «Երկրորդ՝ մենք ցանկանում ենք շարունակել Հայաստանում գործարար միջավայրի բարելավման հարցերի շուրջ քննարկումները, երրորդ՝ համագործակցություն և աջակցություն կոռուպցիայի դեմ պայքարում: ԵՄ-ն ավելի քան 15 մլն եվրո է հատկացրել կոռուպցիայի դեմ պայքարի համար՝ այդ հարցում ավելի շոշափելի արդյունքների հասնելու համար: Հաջորդ ուղղությունը մարդու իրավունքների պաշտպանության հարցում բյուջետային համաձայնագրի իրականացումն է: Եվ, վերջինը, մենք քննարկումներ ենք անցկացնում՝ հասկանալու, թե ինչպես կարելի է ամրապնդել Հայաստանի պետական կառույցների անկախությունը»,- նշել է դեսպանը:
Սվիտալսկին անդրադարձել է նաև 2016 թ. Հայաստան-ԵՄ փոխգործակցությանը և փաստել, որ տարին բավական հագեցած էր՝ համագործակցության ամրապնդման տեսակետից: 2016 թ. դեկտեմբերին սոտորագրվեց ավելի քան 9
մլն եվրո ընդհանուր արժողությամբ երեք երկկողմ ծրագիր, որոնք նախատեսվում է իրականացնել հանրապետության մարզերում, պաշտոնական Երևանը միացել է «Հորիզոն-2020» և «Կոսմե» ծրագրերին: Բացի այդ, ԵՄ-ն աջակցել է Հայաստանին նախընտրական պայմանավորվածությունների կատարման հարցում, և դրա համար հանրապետությանը շուրջ 7 մլն եվրո է հատկացվել: