Արմինֆո.: Բանակի մատակարարման հաշվին հարստացած անձինք կպատժվեն: Այդ մասին հայտարարել է պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը` Հանրային հեռուստաընկերության հեռարձակած հարցազրույցում: Ընդ որում, նա փաստել է, որ բանակի մատակարարման մասով կան խնդիրներ: «Վերջին ամիսների ընթացքում կտրուկ նվազել է բանակին թերի մատակարարումների ծավալը, նվազեցվել են գները: Մենք ամեն ինչ կանենք` անհնար դարձնելու գողությունը և բանակի հաշվին հարստացումը: Բացի այդ, բանակի հաշվին հարստացած գործարարներն ու պաշտոնյաները կպատժվեն: Մենք կկիրառենք այնպիսի ընթացակարգեր, որոնք բացառեն գողությունը», - ասել է Սարգսյանը:
Անդրադառնալով սահմանի իրավիճակին` նախարարն ընդգծել է, որ Հայաստանի զսինված ուժերը լիովին վերահսկում են իրավիճակը և ունեն անհրաժեշտ ռեսուրս խաղաղությունը սահմանին ապահովելու համար: Պաշտպանական գերատեսչության ղեկավարը նաև հաղորդել է, որ նախատեսվում է Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական ուսումնարանին հանձնել ՊԵԿ Դիլիջանի կրթական կենտրոնը:
Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդեցին ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, հունվարի 14-ին ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը և «Սիմոնյան» կրթական հիմնադրամի գործադիր տնօրեն Մարի Լու Փափազյանը ստորագրել են համագործակցության մասին հուշագիր, որով նախատեսված համագործակցության շրջանակում հիմնադրամի ծրագիր հանդիսացող «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնը պատրաստակամ է պարտադիր ժամկետային զինծառայողներին ուսուցանել 21-րդ դարի հմտությունները՝ կենտրոնի ծրագրի հատուկ տարբերակով։ Ուսումնական ծրագիրը ներառում է կենտրոնի արտադպրոցական ծրագրի 14 ուսումնական ոլորտների ընտրանին։ Ծրագրում ներառված են հետևյալ ուղղությունները՝ համակարգչային ծրագրավորում, ռոբոտաշինություն, համակարգչային գրաֆիկա, թվային երաժշտության ստեղծում։ Զինծառայողների ուսումնական գործընթացը կազմակերպվելու է զինված ուժերի զորամասերի մերձակա «Թումո» կենտրոններում՝ նախապես սահմանված գրաֆիկով և 18 ամիս ժամկետով։ Դասընթացներն անցկացվելու են երեք` սկսնակ, միջին և առաջադեմ մակարդակներով։