Արմինֆո. Առաջիկա ամիսները ՀԱՊԿ համար հեշտ չեն լինի, այդ թվում՝ Ղարաբաղի պատճառով, նշվում է Stratfor ամերիկյան վերլուծական կենտրոնի կանխատեսման մեջ:
«Կազմակերպության՝ դեկտեմբերի 26-ին կայացած գագաթնաժողովը ցույց տվեց անդամ պետությունների շրջանում պառակտման ողջ խորությունը, ինչը սահմանափակում է այդ ռազմական դաշինքի արդյունավետությունը: Մասնավորապես՝ ՀԱՊԿ-ին երկրորդ անգամ չհաջողվեց պաշտոնւ լքած գլխավոր քարտուղար Նիկոլ Բորդյուժային փոխարինող նշանակել: Եվ թեև մինչև ապրիլին կայանալիք հաջորդ գագաթնաժողովը դեռ ժամանակ կա, այս կամ այլ հարցերի շուրջ փոխհամաձայնության գալու դաշինքի հեռանկարները խիստ կասկածելի են»,- նշում են կենտրոնի վերլուծաբանները:
Հոդվածում նշվում է, որ ՀԱՊԿ-ը ոչ միայն հզոր գործիք չդարձավ, այլև վերջին ժամանակների մի շարք իրադարձություններ ցույց տվեցին ՀԱՊԿ սահմանափակ ռեսուրսները՝ որպես ակտիվ և պատասխանատու ռազմական դաշինք: Մասնավորապես՝ Ղազախստանի նախագահի բացակայությունը 2016 թ. հոկտեմբերին ՀԱՊԿ գագաթնաժողովին և Բելառուսի նախագահի բացակայությունը դեկտեմբերին կայացած գագաթնաժողովին, պատահական չէր:
Նշվում է, որ Ղազախստանը և Բելառուսը սերտ կապեր են պահպանում Բաքվի հետ, և, ըստ ամենայնի, պատրաստ չեն ընդունելու Մոսկվայի հայ թեկնածուին՝ որպես ՀԱՊԿ հաջորդ գլխավոր քարտուղար: ՀԱՊԿ-ը երբեք համախմբված կոալիցիա չի եղել, և հաջորդ գլխավոր քարտուղարի շուրջ վեճերը կարող են էլ ավելի վատթարացնել իրավիճակը՝ ընդհուպ ռուս թեկնածուի նշանակումը:
2017 թվականի հունվարի 1-ից ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պարտականությունների կատարումը դրվել է կազմակերպության գլխավոր քարտուղարի տեղակալ Վալերի Սեմերիկովի վրա: «2016-ի դեկտեմբերի 31-ին ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժայի` 2015 թվականի դեկտեմբերի 21-ին ՀԱՊԿ ՀԱԽ որոշմամբ սահմանված լիազորությունների ժամկետի սպառման կապակցությամբ 2017 թվականի հունվարի 1-ից ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պարտականությունների կատարումը դրվում է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի տեղակալ Վալերի Անատոլիի Սեմերիկովի վրա»,- ասված է կազմակերպության հաղորդագրությունում: Հոկտեմբերի 14-ին Երևանում ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նիստում պետք է նշվեր Հայաստանից ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի անունը, սակայն հարցն օրակարգից հանվեց, նախագահ Սերժ Սարգսյանի ասելով, Ղազախստանի նախագահ Նազարբաևի բացակայության պատճառով: Հայաստանի նախագահը նաև հայտարարել էր, որ ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարներն այդ հարցին կվերադառնան տարեվերջին` Սանկտ Պետերբուրգի հանդիպման ժամանակ: Սակայն Սանկտ Պետերբուրգի հանդիպման ժամանակ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի նշանակման հարցը կրկին հետաձգվել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի բացակայության պատճառով` մինչև կազմակերպության Հավաքական անվտանգության խորհրդի հաջորդ նստաշրջան, որը տեղի է ունենալու հաջորդ տարվա ապրիլին: