Արմինֆո.Սոցիալական ապահովության ոլորտում անհրաժեշտ են բարեփոխումներ պետական ծրագրերի ամբողջ սպեկտրով, դեկտեմբերի 29-ին ՀՀ կառավարության նիստում ասել է վարչապետ Կարեն Կարապետյանը:
«Սոցիալական ապահովության ոլորտում անհրաժեշտ են բարեփոխումներ պետական ծրագրերի ամբողջ սպեկտրով: Պետք է ստեղծենք համակարգեր, որ բացառենք կոռուպցիան: Անհրաժեշտ է բարձրացնել թե՛ ծրագրերի հասցեականությունը, թե՛ դրանց արդյունավետությունը: Հարկ է, որ պետությունն օգնության ձեռք մեկնի կարիքավորին, նրան ոտքի կանգնելու նեցուկ լինի, սակայն չստեղծի չաշխատելու խթաններ, լինի առարկայական և օգտակար՝ անհատին դժվարին կացությունից դուրս գալու, բայց ոչ այդ պայմաններին սովորեցնելու համար: Սոցիալական պետական ծրագրերը պետք է այնպես մշակվեն, որ օգնությունը երբեք չբերի չարաշահումների, կոռուպցիոն դրսևորումների, առաջին հերթին հասնի ամենակարիքավորներին, չաղավաղի սոցիալական արդարությունը: Այս պատճառով այս ոլորտի 6 ծրագրերին այս պահին ուզում եմ անդրադառնալ:
1. Բժշկասոցիալական փորձաքննական համակարգում էվոլյուցիոն ճանապարհով իրականացվող փոփոխությունները դեռևս հեռու են ցանկալի արդյունքից: Այդ իսկ պատճառով բժշկասոցիալական փորձաքննության համակարգում պետք են արմատական բարեփոխումներ: ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին հանձնարարում եմ՝ տասնօրյա ժամկետում ներկայացնել առաջարկություններ ոլորտի բոլոր բիզնես պրոցեսներում արմատական փոփոխություններ կատարելու վերաբերյալ՝ հիմքում դնելով հետևյալ սկզբունքային մոտեցումները՝ ա) տարանջատել դիմում ընդունելու և որոշում կայացնելու գործառույթները՝ պրակտիկորեն բացառելով քաղաքացիների անմիջական շփումները որոշում կայացնողների հետ,
բ) ձևավորել որոշումների կայացման կենտրոնացված մարմին,
գ) վերանայել հաշմանդամության սահմանում գործող չափորոշիչները՝ հստակ տարանջատելով հիվանդ լինելը և հաշմանդամություն ունենալը, յուրաքանչյուր կարգավիճակի համար սահմանելով քաղաքացուն անհրաժեշտ ծառայությունների ծավալը և սոցիալական երաշխիքների համակարգը,
դ) ներկայացնել առաջարկություն նոր անձնակազմ ձևավորելու, նրանց որակավորմանը ներկայացվող պահանջների թվաքանակի և վարձատրության մեխանիզմների վերաբերյալ:
2. Նպաստների ծրագրերի արդյունավետության և հասցեականության ավելացման համար առաջին հերթին պետք են բարեփոխումներ անապահովության գնահատման համակարգի մասով: Կառավարության ծրագրի համաձայն՝ պետք է իրականացվի անապահովության գնահատման մոտեցումների և մեթոդաբանության արմատական վերանայում՝ հիմք ընդունելով ընտանիքի յուրաքանչյուր աշխատունակ անդամի զբաղվածության ապահովման և պետական սոցիալական աջակցության ծրագրերը, հատկապես բնակչության անաշխատունակ շերտերին ուղղելու սկզբունքային մոտեցումը: Ըստ այդմ, հանձնարարում եմ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին՝ մեկամսյա ժամկետում ՀՀ կառավարության քննարկմանը ներկայացնել համապատասխան որոշման նախագիծ՝ անապահովության գնահատման համակարգում ամեն գնով երեսուն միավոր ձեռք բերելու մղումն ապախթանելու և ընտանիքի առաջնային կարիքները հոգալու խթանների ճիշտ համակարգ ձևավորելու ուղղությամբ: ՀՀ առողջապահության նախարարի հետ համատեղ առաջարկություն ներկայացնել անապահովության գնահատման համակարգում հաշվառված անապահով ընտանիքներին տրամադրվող առողջապահական ծառայությունների հասանելիությունը և հասցեականությունը մեծացնելու ուղղությամբ: ՀՀ մարզպետներին՝ առաջարկելով քաղաքապետերին անձնական հսկողության տակ վերցնել սոցիալական աջակցության տարածքային գործակալությունների կողմից ընտանեկան, սոցիալական նպաստների և հրատապ օգնության նշանակման օրինականության ապահովման հարցը»,- ասել է վարչապետը: