
Արմինֆո. «Երրորդ հանրապետություն» կուսակցության առաջնորդ, ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Վիկտոր Դալլաքյանը կուսակցության համագումարում իր գլխավորած քաղաքական ուժի անունից հանդես է եկել խորհրդարանական քննիչ հանձնաժողովներ ստեղծելու պահանջով:
Մասնավորապես՝ Դալլաքյանն առաջարկել է ձևավորել 1999 թ. հոկտեմբերի 27-ի ահաբեկչության, 2008 թ. մարտ 1-ի իրադարձութունների, ընթացիկ տարվա հուլիսին ՊՊԾ գնդի գրավման, ինչպես նաև ընդդիմության և քաղաքացիական հասարակության բողոքի տարբեր ակցաների ժամանակ բռնի գործողությունների ուսումնասիրման խորհրդարանական քննիչ հանձնաժողով:
Նա առաջարկել է ստեղծել նաև խորհրդարանական քննիչ հանձնաժողով, որը կուսումնասիրի Հայաստանի անկախացումից ի վեր իշխանության ղեկին գտնված բոլոր բարձրաստիճան պաշտոնատար անձանց եկամուտները և ունեցվածքի ծագումը , ինչպես նաև նրանց ունեցվածքի համապատասխանությունն օրինական եկամուտներին:
Դալլաքյանն առաջարկել է նաև ստեղծել հանձնաժողով, որը կուսումնասիրի 1991 թվականից պետական գույքի մասնավորեցման գործընթացի օրինականությունը, ինչպես նաև հանձնաժողով, որը կուսումնասիրի օտարերկրյա դրամաշնորհների և վարկերի օգտագործման իրավազորությունը:
Եվ վերջում, Դալլաքյանի խոսքով, պետք է ստեղծվի խորհրդարանական քննիչ հանձնաժողով, որը կզբաղվի Հայաստանից ապօրինի դուրս բերված կապիտալի վերադարձով:
Ինչ վերաբերում է արտաքին քաղաքականությանը, Դալլաքյանի խոսքով, Հայաստանը պետք է բացառապես սեփական շահերից բխող բազմավեկտոր արտաքին քաղաքականություն իրականացնի: «Հայաստանը պետք է լինի միջազգային քաղաքականության ոչ թե օբյեկտ, այլ՝ սուբյեկտ»,- ասել է նա:
ԶԼՄ-ներում շրջանառվող տեղեկատվության համաձայն, «Երրորդ հանրապետություն» կուսակցությունը, նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանի գլխավորած «Համախմբումը», «Ժառանգությունը» և Հայաստանի դեմոկրատական կուսակցությունը մտադիր են համատեղ մասնակցել առաջիկա խորհրդարանական ընտրություններին: Այդ կուսակցություններին մտադիր է միանալ նաև պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը, որին սատարելու մասին արդեն հայտարարել է Արթուր Ալեքսանյանի (Ամարասի Արթուր) հիմնադրած «Միացյալ Հայաստան» շարժումը: Շրջանառվող լուրերի համաձայն, ընդդիմադիր դաշինքը ֆինանսավորելու են Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, ՌՀՄ ղեկավար Արա Աբրահամյանը և Հայաստանի ԱԱԾ նախկին տնօրեն, գեներալ-լեյտենանտ Կարլոս Պետրոսյանը: