


Արմինֆո.Գլխավոր դատախազությունն ուսումնասիրել է «Փոքր Մհեր» կրթահամալիրում արձանագրված խախտումների վերաբերյալ զանգվածային լրատվամիջոցներում տեղ գտած հրապարակումները:
Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդեցին գերատեսչության մամուլի ծառայությունից, ՀՀ գխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության կողմից ուսումնասիրությունների շրջանակներում գրություններ են ուղարկվել ՀՀ կրթության և գիտության նախարարություն ու ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանին, պահանջվել համապատասխան փաստաթղթեր և տեղեկատվություն: Ուսումնասիրության արդյունքները ՀՀ Կոտայքի մարզի դատախազության կողմից ուղարկվել են ՀՀ ՔԿ Կոտայքի մարզային քննչական վարչություն՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180-րդ և 181-րդ հոդվածների կարգով նյութեր նախապատրաստելու և ընթացքը լուծելու համար:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 28-ին «Փոքր Մհեր» կրթահամալիրի սաներն, ի նշան բողոքի, շարային երթ էին անցկացրել, պահանջելով կրթահամալիրի տնօրեն Վահագն Յաղմուրյանի հրաժարականը, ով այդ պաշտոնում նշանակվել էր երկու ամիս առաջ: Կրթահամալիրի սաների ասելով, նրա նշանակումից հետո մթնոլորտն ուսումնական հաստատությունում կտրուկ փոխվել է: ԿԳՆ-ում ստեղծվել էր աշխատանքային խումբ` իրավիճակն ուսումնասիրելու համար:
Դեկտեմբերի 6-ին մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն, իր հերթին, լրագրողների հետ զրույցում հայտարարել էր, որ «Փոքր Մհեր» կրթահամալիրում կան անհապաղ միջամտություն պահանջող հարցեր: Թաթոյանի կարծիքով, կրթահամալիրում կան խնդիրներ, սկսած երեխաների նկատմամբ վերաբերմունքից, ուժի կիրառումից մինչև հաստատության գործունեության իրավական ակտերը: Թաթոյանը հավաստիացրել էր, որ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը հետևողական է լինելու «Փոքր Մհեր» կրթահամալիրի սաների իրավունքների վերականգնման հարցում:



