Արմինֆո. Իրանի և Իսրայելի աշխարհաքաղաքական մրցակցությունը խոչընդոտ չէ հայ-իրանական հարաբերությունների համար: ԱրմԻնֆո-ին այդպիսի կարծիք է հայտնել «Նորավանք» գիտակրթական հիմնադրամի տնօրեն Գագիկ Հարությունյանը:
«Հենց երկկողմ օրակարգը կանխորոշիչ դեր և նշանակություն կունենա Իրանի նախագահ Հասան Ռոուհանիի վաղվա Հայաստան այցի բովանդակությունում և ժամանակացույցում: Կարող եմ ասել, որ այդ այցը ռազմավարական բնույթի է և մեծ հեռանկարներ ունի մեր երկրների միջև հարաբերությունների և համագործակցության համար: Անշուշտ, քաղաքականությունը քաղաքականություն է, և Ռոուհանին ու Բենյամին Նեթանյահուն բազմափորձ դիվանագետներ են: Այդ լույսի ներքո, անշուշտ, զուգահեռներ են դիտվում առաջինի Երևան և երկրորդի Բաքու այցերի միջև, բայց` ոչ ավելի», - նշել է վերլուծաբանը:
Դեկտեմբերի 21-ին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով պաշտոնական այցով Երևան կժամանի Իրանի նախագահ Հասան Ռոուհանին: Այցի շրջանակում կկայանան նրա հանդիպումները Հայաստանի նախագահի և վարչապետի հետ: Բարձրագույն մակարդակով բանակցություններից հետո նախատեսվում է մի շարք փաստաթղթերի ստորագրում, որոնք նպատակաուղղված են տարբեր ոլորտներում երկկողմ համագործակցության խորացմանը: Իրանի նախագահի Երևան այցի շրջանակում կկայանա հայ-իրանական գործարար համաժողով:
Հարությունյանն Իրանի նախագահի Երևան այցից ակնկալում է Իրանի և Հայաստանի ղեկավարների համատեղ ռազմավարական ծրագրերի իրագործում, էներգետիկայի, հաղորդակցության, փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մյուս բնագավառներում հայ-իրանական համագործակցության զարգացմանը նպատակուղղված նոր համաձայնագրեր և պայմանագրեր:
«Իմ կարծիքով, չափազանց կարևոր է թվում մեր երկրների միջև գիտատեխնիկական համագործակցությունը: Իրանն այդ բնագավառում բավականին հեռու է գնացել, հետևաբար, այդ համագործակցությունը մեզ համար ռազմավարական առումով կարևոր բնույթ է կրում: Այսօր շահում են հենց այն երկրները, որոնք ունեն հզոր գիտատեխնիկական ներուժ, և մենք պետք է միշտ այդ մասին հիշեցնք, համապաատսխան հետևություններ անենք և քայլեր ձեռնարկենք , այդ թվում` Իրանի ուղղությամբ», - ամփոփել է Հարությունյանը: