Արմինֆո.Արցախյան խնդրի լուծման՝ Տեր-Պետրոսյանի առաջարկած և ՀԱԿ համագումարի ժամանակ հնչած մեթոդները պարտվողական բնույթ են կրում: ԱրմԻնֆո-ին այդպիսի կարծիք է հայտնել «Աշխարհ» ռազմավարական հետազոտությունների կենտրոնի (Ստեփանակերտ) տնօրեն, ռազմական և ազգային անվտանգության խնդիրների փորձագետ Հրաչյա Արզումանյանը:
«Պարտվողական, ըստ որում՝ ոչ միայն քաղաքական, այլ նաև գաղափարախոսական իմաստով: Դա դեռ 1997 թվականին իր ասածի ճշմարտացիությունն ապացուցելու ցանկություն է, թե՞ կուսակցության գաղափարախոսություն, թող այսօրվա խաղացողները մտածեն: Ընդհանրապես պարզ չէ, թե ինչու հայկական քաղաքական ժամանակի հաշվարկը Տեր-Պետրոսյանը սկսում է 1998 թվականից, այլ ոչ թե, ասենք, 1997 թվականից՝ Լիսաբոնի գագաթնաժողովի աղետից հետո կամ 1996 թվականից՝ նախագահական ընտրությունների առաջին կեղծումից, զորքերով ժողովրդին ցրելուց և իր ու Վազգեն Սարգսյանի կողմից իշխանության բռնազավթումից հետո»,- նշել է նա:
Արզումանյանը հիշեցրել է, որ Տեր-Պետրոսյանն Արցախը ներառեց Հայաստանի ներքաղաքական կյանքում՝ անձամբ իշխանության կանչելով իր հետևորդներին և ապագա նախագահներին, այդպիսով ոչնչացնելով Արցախի գործոնը: Ըստ նրա, Հայաստանի առաջին նախագահի առաջարկած՝ անվտանգության միջազգային միջավայրի վերլուծությունը նույնպես 1998 թվականի մակարդակի վրա է գտնվում: Հետևաբար՝ դրանից բխող եզրակացությունները, նրա կարծիքով, անընդունելի են:
Բացասական կողմերից բացի, Արզումանյանը նշել է նաև Տեր-Պետրոսյանի ելույթի դրական կողմերը: Ըստ նրա, Տեր-Պետրոսյանի ելույթն վերջին տարիներին իր լսած առաջին քաղաքական ելույթն էր: Վերլուծաբանի կարծիքով, առաջին նախագահի թիմը որակապես ավելի ուժեղ է, քան գործող նախագահի թիմը: Ըստ նրա, ի տարբերություն հանրապետականների, Տեր-Պետրոսյանի շրջաաատը գոնե փորձում է ըմբռնել երկրում տեղի ունեցող իրադարձությունները: Նա նաև ընդգծել է ներքաղաքական իրողությունների առնչությամբ Տեր-Պետրոսյանի վերլուծության և գնահատականների ադեկվատությունը: