


Արմինֆո. Այս պահին ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման շուրջ բանակցային գործընթաց չկա: Այդ մասին հայտարարել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը` Արցախում մշակույթի գործիչների հետ հանդիպման ժամանակ։
«Բանակցային գործընթաց չկա, քանի որ ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ վերջին լուրջ խոսակցությունը տեղի է ունեցել օգոստոսի 10-ին», - նշել է նա: Ընդ որում նախագահն ընդգծել է, որ «եթե մենք տանուլ տանք Արցախում, ապա ամեն ինչ տանուլ կտանք նաև Հայաստանում»:
Խոսելով շփման գծում առկա իրավիճակի մասին` Սարգսյանը հայտարարել է, որ տվյալ պահին առաջնագծում լարվածություն չկա, և իրավիճակն ավելի հանգիստ է, քան մեկ տարի առաջ: Պատասխանելով այն հարցին, թե ինչու է ինքը որոշել հենց հիմա այցելել Արիցախ և հանդիպում անցկացնել մշակույթի գործիչների հետ հենց այնտեղ, Սարգսյանը հայտարարել է, թե դա իր համար ներքին հարկադրանք է: Նրա ասելով, հիմա այն շրջանն է, երբ բանակը և ժողովուրդը պետք է պատրաստ լինեն դժվար ժամանակների: Նախագահը նշել է, որ բանակն ունի բազմաթիվ պահանջներ, որոնք անհրաժեշտ է օբյեկտիվ գնահատել, քանի որ մեր հնարավորություններն անսահման չեն, որպեսզի բոլոր խնդիրները լուծենք: «Հետևաբար, անհրաժեշտ է կողմնորոշվել առաջնությունների առնչությամբ», - նշել է նախագահը:
Անդրադառնալով ՊՊԾ գնդի զավթմանն առնչվող հուլիսյան անդրադարձություններին` Սարգսյանը հավաստիացրել է, որ ինքը պետության ամենամեղմ ղեկավարն է տարածաշրջանում: Այնուհետև նա որոշ կշտամբանքով դիմել է արվեստի գործիչներին. «Մտավորականության քանի՟ ներկայացուցիչ հանդես եկավ հուլիսյան իրադարձությունների ժամանակ: Այո, պետության դերը մեծ է, սակայն ազնիվ չէ ամեն բան թողնել պետության վրա, կան պահեր, երբ մտավորականության խոսքը կարևոր հանգստացնող դեր է խաղում», - ընդգծել է նա:


