Արմինֆո. Հայաստանում ոչ պաշտոնական նախընտրական քարոզարշավն արդեն ընթանում է ողջ թափով, համոզված է «Կովկաս» ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը:
Նրա ասելով, այն, ինչ այսօր անում է ՀՀԿ-ն, ակնհայտ նախընտրական փիար է և ռեբրենդինգի փորձ: «Սակայն հարցն այն է, որ երկրում կուտակված խնդիրները պահանջում են տևական լուծումներ, դրանք չի կարելի սպառել 4-5 ամսում` մինչև ընտրույթունները: Սակայն ինչ-որ բան հարկավոր է անել, և ՀՀԿ-ն դա անում է, ու բավական հաջող` խոսքերի և նոր մարդկանց միջոցով, որոնցից մեկն էլ վարչապետ Կարեն Կարապետյանն է: Իմ կարծիքով, սա բավականին ճիշտ ռազմավարություն է, արդեն հաջողվել է նվազեցնել երկրի վերնախավի հանդեպ հասարակական լարվածությունը, որը հատկապես վառ արտահայտվեց ղարաբաղյան հակամարտության գոտում ապրիլյան պատերազմից հետո», - նշել է քաղաքագետը` նոյեմբերի 30-ի մամուլի ասուլիսում:
Միևնույն ժամանակ, պատասխանելով այն հարցին, թե որքան երկար Կարապետյանը կմնա վարչապետի պաշտոնին, Իսկանդարյանը նշել է, որ ամեն բան կախված է հենց կառավարության ղեկավարի գործողություններից, այն բանից, թե որքանով կարող է նա արմատավորվել իշխանությունում:
Մինչդեռ նոյեմբերի 26-ին ՀՀԿ 16-րդ համագումարում կուսակցության առաջնորդ, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարել է, որ եթե ՀՀԿ-ն հաղթի առաջիկա խորհրդարանական ընտրություններում, Կարեն Կարապետյանը կշարունակի գլխավորել երկրի կառավարությունը: