
Արմինֆո. Չնայած պաշտոնատար անձանց ապօրինի հարստացման դեմ պայքարի և կոռուպցիոներներին պատասխանատվության ենթարկելու անհրաժեշտության վերաբերյալ բազմաթիվ հայտարարություններին՝ Հայաստանի խորհրդարանական խմբակցությունները չեն կողմնորոշվել բարձրաստիճան պաշտոնատար անձանց և նրանց հետ փոխկապակցված անձանց եկամուտների ձեւավորման աղբյուրները և գույքային վիճակն ուսումնասիրող ՀՀ Ազգային ժողովի ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին պատգամավոր Նիկոլ Փաշինյանի նախաձեռնության առնչությամբ:
Անդրադառնալով հիշյալ նախաձեռնությանը՝ պետաիրավական հարցերի հանձնաժողովի ղեկավար, հանրապետական Հովհաննես Սահակյանն ԱրմԻնֆո-ի թղթակցի հետ զրույցում, մասնավորապես, հայտարարել է. «Ապրիլին կայանալիք խորհրդարանական ընտրությունների նախաշեմին քաղաքական ուժերի շրջանում սկսել են գերիշխել պոպուլիստական տրամադրություններն ու նախաձեռնությունները, դրանց թվին են պատկանում ինչպես Բարձրաստիճան պաշտոնատար անձանց և նրանց հետ փոխկապակցված անձանց եկամուտների ձևավորման աղբյուրները և գույքային վիճակն ուսումնասիրող ՀՀ Ազգային ժողովի ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին պատգամավոր Նիկոլ Փաշինյանի նախաձեռնությունը, այնպես էլ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանի «Լյուստրացիայի մասին» օրինագիծը: Նրա կարծիքով, եթե ինչ-որ մեկը, այդ թվում՝ պատգամավորները, պաշտոնատար անձանց կողմից կոռուպցիայի կամ ապօրինի հարստացման մասին հստակ փաստեր ունի, պետք է ներկայացնի դրանք իրավապահ մարմիններին: «Բոլոր օրինազանցները պետք է պատժվեն»,- հավաստիացրել է պատգամավորը: Ըստ որում, նա նշել է, որ նույնիսկ եթե խորհրդարանում համապատասխան հանձնաժողով ստեղծվի, այն չի հասցնի իրականացնել իր լիազորությունները, քանի որ դեկտեմբերի վերջին ԱԺ-ն արձակուրդ է գնում, իսկ արդեն հունվարից կսկսվի ակտիվ նախընտրական արշավը: «Կարծում եմ, որ Փաշինյանն ինքը գիտակցում է դա, այդ պատճառով նրա նախաձեռնությունը համարում եմ նախընտրական պոպուլիզմ»,- հայտարարել է Սահակյանը: Նա հիշեցրել է, որ այդ նախաձեռնությունը Փաշինյանի մոտ ծագել է խորհրդարանում «ՀՀ պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» օրինագծի քննարկման ժամանակ: «Մենք կարող ենք հանդես գալ ինչ-որ նախաձեռնություրնների և առաջարկների դեմ, և դա նորմալ է, բայց երբեմն այդ պայքարն անընդունելի, անպարկեշտ և նույնիսկ կեղտոտ ձևեր է ձեռք բերում»,- հայտարարել է խորհրդարանականը՝ նկատի ունենալով Երևանի շենքերի պատերին «տղես զոհվեց, վարկերս փակեցի» գրությունների հրապարակումը սոցիալական ցանցերում:
ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանը հայտարարել է, որ նման հանձնաժողովի անհրաժեշտություն չկա, քանի որ կառավարությունը համանման օրինագիծ է մշակում: «Եթե ընդդիմադիրները որևէ առաջարկ ունեն, թող ներկայացնեն դրանք և լրացնեն օրինագիծը»,- ընդգծել է հանրապետականը:
«Օրինաց երկիր» խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը հայտարարել է, որ ողջունում է նման նախաձեռնությունները, սակայն ցանկանում է տեսնել դրանց արդյունավետությունը գործնականում: «Լավ նախաձեռնություն է, թող Փաշինյանը ներկայացնի այն, մենք անպայման կքննարկենք»,- ընդգծել է նա:
Մինչդեռ ՀԱԿ խմբակցության, որի անդամ է, ի դեպ, Փաշինյանը, ղեկավար Լևոն Զուրաբյանը հայտարարել է, որ ծանոթ չէ նրա նախաձեռնոթյանը: Սակայն, քաղաքական գործիչը հիշեցրել է, որ ՀԱԿ-ն առաջարկել է կառավարությանը վավերացնել ՄԱԿ-ի կոռուպցիւայի դեմ կոնվենցիայի՝ պաշտոնյաների ապօրինի հարստացման քրեականացմանը վերաբերող 20-րդ հոդվածը: «Ըստ էության, կառավարությունն արձագանքել է մեր կոչին, սակայն, մենք պահանջում ենք, որ համապատասխան օրենքը հետադարձ ուժ ունենա»,- հայտարարել է Զուրաբյանը:
«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը ողջունել է Փաշինյանի նախաձեռնությունը, սակայն, նրա կարծիքով, համակարգային կոռուպցիայի պայմաններում նման հանձնաժողովի ստեղծումը չի կարող բացասական երևույթների դեմ պայքարի արդյունավետ միջոց լինել: «Եթե իրավապահ մարմինները հետևողական չլինեն պաշտոնատար անձանց պատժելու հարցում, հանձնաժողովի գործունեությունն անիմաստ կլինի»,- նշել է նա:
Մինչդեռ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը միանշանակ ողջունել է այդ նախաձեռնությունը՝ հայտարարելով, որ կաջակցի դրան քննարկումների ժամանակ:
Նշենք, որ նոյեմբերի 19-ին Ազգային ժողովի պատգամավոր Նիկոլ Փաշինյանը շրջանառության մեջ է դրել «Բարձրաստիճան պաշտոնատար անձանց եւ նրանց հետ փոխկապակցված անձանց եկամուտների ձեւավորման աղբյուրները եւ գույքային վիճակն ուսումնասիրող ՀՀ Ազգային ժողովի ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասինե ԱԺ որոշման նախագիծը: Փաստաթղթով նախատեսվում է, որ առաջին փուլով կուսումնասիրվի 2008 թվականի հունվարի 1-ից հետո պաշտոնավարած բարձրաստիճան անձանց եւ նրանց հետ փոխկապակցված անձանց եկամուտների եւ գույքի ծագման աղբյուրները եւ այդ մասին հանրությանը տեղեկանք կներկայացվի մինչեւ 2017թ. ապրիլի 2-ը: 2-րդ փուլը պետք է ավարտվի մինչև 2017 թվականի հուլիսի 1-ը։ 3-րդ փուլում ուսումնասիրությունները իրականացվում են 1991 թվականի հոկտեմբերի 1-ից և մինչև 1998 թվականի հունվարի 1-ը պաշտոնավարող բարձրաստիճան պաշտոնատար անձանց և նրանց հետ փոխկապակցված անձանց գույքի ու եկամուտների մասով։ 3-րդ փուլը պետք է ավարտվի մինչև 2017 թվականի նոյեմբերի 1-ը։ Յուրաքանչյուր փուլի ավարտման օրը հրապարակվում է Հանձնաժողովի գրավոր եզրակացություն։ Հանձնաժողովը կազմված է յոթ անդամից: Ազգային ժողովի Հանրապետական խմբակցությունն ունի Հանձնաժողովի կազմում 2, իսկ մնացած խմբակցությունները՝ մեկական ներկայացուցիչ ներկայացնելու իրավունք: