

Արմինֆո. Ղարաբաղյան հակամարտության շուրջ իրավիճակը մտահոգում է Ռուսաստանին: Այդ մասին հայտարարել է ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի միջազգային գործերով կոմիտեի նախագահ Կոնստանտին Կոսաչովը՝ պատասխանելով ԱրմԻնֆո-ի թղթակցի հարցին:
Նա հայտարարել է, որ ապրիլյան պատերազմի ընթացքում տագնապով հետևել է իրադարձությունների զարգացմանը: «Մենք իսկույն արձագանքեցինք և բոլոր հնարավորությունները գործադրեցինք, որպեսզի նվազեցնենք կրքերի շիկացումը, և դա հաջողվեց անել, սակայն, ցավոք, կարգավորման գործընթացում տեղաշարժեր տեղի չունեցան»,- նշել է քաղաքական գործիչը: Նրա կարծիքով, եղել են մի քանի կուլմինացիաներ, որոնք առաջընթացի հույսեր էին ներշնչում, սակայն այժմ ղարաբաղյան հակամարտությունը շրջապտույտի մեջ է գտնվում:
Կոսաչովն անդրադարձել է նաև Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների դեկտեմբերին կայանալիք հանդիպմանը: Նրա խոսքով, յուրաքանչյուր նման հանդիպում հույս է տալիս, որ տեղաշարժեր կլինեն հակամարտության կարգավորման հարցում: «Ռուսաստանն իրենից կախված ամեն բան անում է, որ առաջընթաց լինի և պատրաստ է աջակցել դրան: «Մենք ակնկալում ենք, որ տեղաշարժեր կլինեն, սակայն հասկանում ենք, որ ապրիլյան դեպքերն այդ գործընթացը սառեցրեցին»,- նշել է նա՝ ավելացնելով, որ այժմ հակամարտության կողմերի մոտ կրքերը հանդարտվել են, ինչը կարող է նպաստել գործըթնացի վերականգնմանը:
Քաղաքական գործիչը նշել է, որ նախօրեին հանդիպել է ՀՀ ԱԳՆ ղեկավար Էդվարդ Նալբանդյանի և պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի հետ, որոնց հետո քննարկել է նաև ղարաբաղյան հակամարտության կարգավորումը: «Հայկական կողմը պատրաստ է առաջ շարժվել, և հայկական կողմի տեսակետից՝ Բաքուն արգելակում է գործընթացը: Կցանկանայինք, որ Բաքուն և Երևանն առնչման կետեր գտնեն: Մենք տեսնում ենք Ռուսաստանի առաքելությունն այդ բանակցություններին աջակցելու հարցում»,- հայտարարել է նա՝ ավելացնելով, որ անմիջական շփումներ ունի ադրբեջանցի գործընկերների հետ, և կտեղեկացնի նրանց, թե ինչ է լսել Երևանում:



