Արմինֆո. Որևէ էական փոփոխություն հայ-ամերիկյան հարաբերություններում չեմ կանխագուշակում Միացյալ Նահանգների նախագահական ընտրություններից հետո, հայտարարել է Սերժ Սարգսյանը «Sky News Arabia»-ին հարցազրույցում:
Նրա խոսքով, ժամանակակից աշխարհում բոլոր պետությունները փոխկապակցված են, իսկ փոքր տնտեսություն ունեցող երկրներն ավելի շատ են կախված արտաքին ազդակներից: «Բայց այս առումով մենք որևէ մտավախություն չունենք, որովհետև Միացյալ Նահանգների հետ մենք ունենք շատ լավ բարեկամական հարաբերություններ, և անցած 25 տարիների ընթացքում մեր հարաբերությունները զարգացել են վերընթաց ճանապարհով: Մենք հավասարաչափ լավ հարաբերություններ ունենք ինչպես Դեմոկրատական, այնպես էլ Հանրապետական կուսակցությունների հետ: Գիտեք, որ Միացյալ Նահանգներում բազմաթիվ հայեր են ապրում, ովքեր հասել են մեծ հաջողությունների, և Միացյալ Նահանգների կոնգրեսականներն ունեն հայ բարեկամներ, հայերն ունեն կոնգրեսական բարեկամներ՝ մարդիկ, ովքեր մաս են կազմում Միացյալ Նահանգների և՛ Սենատում, և՛ Ներկայացուցիչների պալատում ձևավորված բարեկամական խմբերի, որոնց հետ մեր հարաբերությունները մշտապես լավ են: Ես որևէ էական փոփոխություն հայ-ամերիկյան հարաբերություններում չեմ կանխագուշակում Միացյալ Նահանգների նախագահական ընտրություններից հետո: Վստահ եմ, որ մեր հարաբերությունները լավ են զարգանալու: Մեր ներքաղաքական իրավիճակի վրա ավելի մեծ ազդեցություն ունեն այն իրադարձությունները, որ տեղի են ունենում Մերձավոր Արևելքում, որովհետև Մերձավոր Արևելքում տեղի ունեցող իրադարձություններին անմիջապես մասնակից են մեր հայրենակիցները, ովքեր ապրում են այստեղ, և այս առումով, իհարկե, այս իրադարձությունները շատ ավելի զգայուն են մեզ համար»,- ասել է Սարգսյանը: