


Արմինֆո. Զինծառայողների կարիքավոր ընտանիքներին օգտելու համար հատուկ հիմնադրամի հաշվին Հայաստանի քաղաքացիների աշխատավարձից 1000 դրամ վճարը, ինչպես նախատեսված է «ՀՀ պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» օրինագծով, ոչ այլ ինչ է, քան տուգանք: Այդ մասին խորհրդարանի ամբիոնից հայտարարել է ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանը:
«Մենք հիմա ստիպված ենք վճարել այդ տուգանքը, քանի որ չենք կարողացել ձևավորել արդյունավետ իշխանություն, ամոթալի պարտություն ենք կրել պետություն կառուցելու գործում, այն բանի համար, որ անկախության 25 տարիների ընթացքում մեր բյուջեն կազմում է ընդամենը 3 մլրդ»,- հայտարարել է Փաշինյանը:
Նա նաև ընդգծել է, որ այդ ամենը տեղի է ունենում գեներալիտետի և բանակի ղեկավարության հարստացման պայմաններում, մինչդեռ սպաների ընտանիքները հազիվ են գոյատևում: «Նկատվում է միտում, երբ բոլոր խնդիրները փորձում են լուծել ժողովրդի հաշվին, մասնավոր նվիրատվությունների հաշվին: Իսկ պետությունը վերջին 7 տարում մի քանի տասնյակ մլրդ դրամով թերակատարել է պաշտպանական ոլորտի ռազմավարական զարգացման ծրագիրը, փոխարենը $60 մլն-ով ամառանոց են կառուցել Կենտրոնական բանկի համար, մի քանի մլրդ դոլարով «սաունա Դիլիջանում» Հարկային ծառայության համար, պետական պաշտոնյաներն իջնում են մի քանի հարյուր հազար դոլար արժողությամբ մեքենաներից և ասում, որ գումար չկա, պետք է 1000-ական դրամ վճարել»,- նշել է պատգամավորը:
Մինչդեռ, ընդգծել է նա, այդ 1000 դրամները գլոբալ խնդիրները չեն կարող լուծել: «Ստեղծված իրավիճակից ելքը բոլոր բարձրաստիճան պաշտոնյաների և խորհրդարանականների, ինչպես նաև նրանց ընտանիքների անդամների ունեցվածքի ծագումը ստուգելու հանձնաժողով ստեղծելն է: Մենք պետք է հասկանանք, թե որտեղից նրանց նման միջոցներ, իսկ հետո գողացվածը պետք է վերադարձվի պետությանը»,- հայտարարել է Փաշինյանը՝ տեղեկացնելով, որ մոտ ժամանակներս հանդես կգա նման հանձնաժողով ստեղծելու նախաձեռնությամբ:



