Արմինֆո. Այսօր խորհրդարանում «ՀՀ պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» օրինագծի քննարկման ժամանակ բուռն բանավեճեր են ծավալվել Արցախյան պատերազմի հերոս Վահան Բադասյանի այն հայտարարության շուրջ, որ ինքը ԶՈւ ղեկավարության և առանձին գեներալների կողմից բանակի միջոցների յուրացումն ապացուցող փաստեր ունի:
Անդրադառնալով Բադասյանի այդ հայտարարությանը՝ ԱԺ Պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը հայտարարել է, որ եթե Բադասյանը ԶՈւ հաշվին գեներալիտետի, բանակի ղեկավարության հարստացման, կոռուպցիայի, ռազմական բյուջեի յուրացման մասին փաստեր ունի, պետք է այդ փաստերը ներկայացնի համապատասխան կառույցներին: «Եթե այդ փաստերը համոզիչ լինեն, այդ մարդիկ պատասխանատվության կենթարկվեն»,-հայտարարել է Նահապետյանը՝ կասկած հայտնելով, որ նման բան կարող է տեղի ունենալ հայկական բանակում:
Ի պատասխան՝ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը հարց է տվել, թե այդ դեպքում ինչու ազատվեցին ԶՈւ բարձրաստիճան շատ պաշտոնյաներ, եթե բանակում ամեն բան այդքան մաքուր ու արդար է: «Պաշտպանության ոլորտի տարբեր պաշտոնյաներ, գեներալներ ապրում են շվայտ, ցոփ կյանքով, իմ իմանալով՝ Բիլ Գեյթսը չեն ու ՏՏ ոլորտում էլ հայտնագործություն չեն արել, որտեղի՞ց իրենց այդ աստղաբաշխական ունեցվածքները»,- նշել է պատգամավորը:
Սակայն, նրա փաստարկները չեն համոզել Նահապետյանին: Համաձայնելով կարծիքին, որ պաշտոնյաններն ազատվել են անբարեխիղճ աշխատանքի պատճառով՝ Նահապետյանը հավաստիացրել է, որ դա բավարար չէ նրանց քրեական պատասխանատվության ենթարկելու համար: Ինչ վերաբերում է գեներալիտետի ունեցվածքին, ապա ինչպես նշել է պատգամավորը, նրանք ներկայացրել են ունեցվածքի մասին հայտարարագիր: «Եթե կասկածներ և փաստեր ունեք, ներկայացրեք դրանք համապատասխան մարմիններին»,- կոչ է արել Նահապետյանը:
Նշենք, որ նախօրեին ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը, խորհրդարանում ներկայացնելով «ՀՀ պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» օրինագիծը, նույնպես կասկած հայտնել բարձրաստիճան պաշտոնյաների և գեներալիտետի կողմից բանակի միջոցների յուրացման հնարավորության առնչությամբ: Ըստ որում, նա կոչ է արել բոլոր նրանց, ովքեր բանակի միջոցները յուրացնելու մասին փասդտերի են տիրապետում, հայտնել այդ մասին լիազոր կառույցներին:
Ի պատասպան դրան՝ Վահան Բադասյանը հայտարարել էր, որ եթե ՊՆ ղեկավարությունը կոռուպցիոներների անունները չգիտի և չի տիրապետում նրանց կողմից բանակի միջոցների յուրացման մասին փաստերի, ինքը կարող է համապատասխան տեղեկատվություն տրամադրել:
Ավելի վաղ նա Արցախի պաշտպանության նախկին ղեկավար, ներկայումս ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբի պետ Մովսես Հակոբյանին մեղադրել էր այն բանում, որ նա մենաշնորհացրել է բանակի ալյուրով և հացամթերքով մատակարարումը, ըստ որում՝ վաճառելով այն ԶՈւ-ին շուկայականից ավելի բարձր գներով: