Արմինֆո. «Մենք ջանադրաբար աշխատում ենք Հայաստանի հետ՝ հնացած և շարքից դուրս եկած զրահատեխնիկայի ուտիլիզացիայի հիմնադրամ ստեղծելու ուղղությամբ: Այդ մասին այսօր Երևանում «ՆԱՏՕ-ի շաբաթվա» բացման ժամանակ հայտարարել է Հայաստանում Գերմանիայի դեսպան Մաթիաս Քիսլերը:
Նրա խոսքով, նման հիմնադրամի ստեղծումը կնպաստի Հայաստանի կողմից Եվրոպայի սովորական սպառազինությունների մասին պայմանագրի շրջանակներում ստանձնած պարտավորությունների կատարմանը: Քիսլերն ընդգծել է Հայաստանում «ՆԱՏՕ-ի շաբաթվա» անցկացման կարևորությունը՝ երկկողմ օրակարգի ակտուալ հարցերի շուրջ լայն քննարկումներ անցկացնելու տեսակետից, որոնց թվում են՝ կանանց մասնակցությունը բանակին, Հյուսիսատլանտյան դաշինքի հետ Հայաստանի համագործակցության մասին հայ հասարակության իրազեկվածության բարձրացումը: «Հայ հասարակությունում Հայաստան-ՆԱՏՕ փոխգործակցության մասին տեղեկատվության պակաս է զգացվում: «ՆԱՏՕ-ի շաբաթվա» շրջանակներում կանցկացվեն մի շարք միջոցառումներ: Մենք ամբողջովին ներգրավված են հասարակության իրազեկվածության բարձրացման և կիբերանվտանգության վերաբերյալ սեմինարների նախապատրաստման գործընթացում: Միջոցառումներ կանցկացվեն ինչպես Երևանում, այնպես էլ՝ դրա սահմաններչից դուրս, մասնավորապես՝ Գեղարքունիքում, Սյունիքում, Վայոց ձորում»,- հայտարարել է դիվանագետը:
ՀՀ ՊՆ պաշտպանական քաղաքականության վարչության պետի տեղակալ Մհեր Իսրայելյանն իր հերթին փաստել է, որ Հայաստանը 1990 թվականից սկսած արդյունավետերոն փոխգործակցում է ՆԱՏՕ-ի հետ: «ՆԱՏՕ-ն Հայաստանի վստահելի գործընկեր է: Մենք փոխգործակցում ենք երեք կարևոր ուղղությամբ՝ խաղաղապահ գործունեություն, պաշտպանական ոլորտում բարեփոխումների անցկացում և կրթության ոլորտում փոխգործակցություն: Նախատեսվում է իրականացնել ՀՀ ԶՈւ հնացած և շարքից դուրս եկած զրահատեխնիկայի ուտիլիզացիայի ծրագիր: Գերմանիան արդեն այդ ծրագրին աջակցելու և դրա համար $1 մլն տրամադրելու պատրաստակամություն է հայտնել», նշել է Իսրայելյանը:
Նոյեմբերի 14-18-ը Հայաստան-ՆԱՏՕ Անհատական գործընկերության գործողությունների ծրագրի շրջանակներում Հայաստանում անցկացվում է հերթական (թվով 10-րդ) «ՆԱՏՕ-ի շաբաթ» միջոցառումը: «ՆԱՏՕ-ի շաբաթ» միջոցառումների մեկնարկը տրվել է նոյեմբերի 14-ին, Հայաստանում ՆԱՏՕ-ի տեղեկատվական կենտրոնում Հայաստան-ՆԱՏՕ գործընկերության վերաբերյալ մամուլի ասուլիսով: Նույն օրը՝ ժամը 14:00-ին, Երևանի «Դաբլթրի Հիլթոն» հյուրանոցում անցկացվել է «Կանայք զինված ուժերում» թեմայով աշխատաժողովը: Նոյեմբերի 15-ին կկայանա այցելություն ՀՀ զինված ուժերի Խաղաղապահ բրիգադ: Նույն օրը՝ ժ. 16:00-ից 18:00-ը, ՀՀ ԱԳՆ-ում կկայանա Կոսովոյում և Աֆղանստանում միջազգային խաղաղության հաստատման գործողություններին մասնակցող հայ խաղաղապահների և նրանց ընտանիքների համար ավանդական հեռուստակամուրջը: Նոյեմբերի 16-ին՝ ժ. 09:30-17:30, Երևանի Կոնգրես հյուրանոցում տեղի կունենա «Կիբեր անվտանգության կարողությունների զարգացում» թեմայով աշխատաժողովը՝ կիբեր անվտանգության ոլորտի փորձագետների համար (աշխատանքային լեզուն՝ անգլերեն): Նոյեմբերի 17-ին՝ 09:45-17:30, ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայում կանցկացվի «Գիտություն հանուն խաղաղության և անվտանգության» տեղեկատվական օրը՝ ակադեմիական հանրույթի համար: Նոյեմբերի 18-ին Երևանի պետական համալսարանում տեղի կունենա հանդիպում համալսարանի ուսանողների և պրոֆեսորադասախոսական կազմի հետ: Հայաստանում «ՆԱՏՕ-ի շաբաթ» միջոցառումը կազմակերպվում է ՀՀ արտաքին գործերի նախարարության, ՀՀ պաշտպանության նախարարության, ՆԱՏՕ-ի հանրային դիվանագիտության բաժնի, Հարավային Կովկասում փոխգործակցության սպայի գրասենյակի, Հայաստանում Գերմանիայի դեսպանության, Երևանում ՆԱՏՕ-ի տեղեկատվական կենտրոնի համատեղ համագործակցությամբ: