Արմինֆո. Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանը որոշում է կայացրել ՀԱԷԿ-ում յուրացմանն առնչվող գործով:
ԱԷԿ նախկին գլխավոր տնօրեն Գագիկ Մարկոսյանը մեղավոր է ճանաչվել և դատապարտվել է 5 տարի 9 ամիս և 7 օր ազատազրկման` առանց գույքի բռնագրավման։ Միևնույն ժամանակ, առաջին ատյանի դատարանը որոշել է նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառել` սահմանելով 3 տարի փորձաշրջան: ԱԷԿ նախկին կոմերցիոն տնօրեն Ռուբիկ Մովսիսյանը դատապարտվել է 4 տարի 1 ամիս 7 օրվա ազատազրկման, նրա պատիժը նույնպես պայմանականորեն չի կիրառվել. դատարանը սահմանել է 3 տարի փորձաշրջան։
Համանման դատավճիռ է կայացվել նաև ԱԷԿ վերանորոգման, նախապատրաստման եւ կարգավորման բաժնի պետ, գնումների գործընթացի պատասխանատու ստորաբաժանման ղեկավար Էդուարդ Ղազարյանի նկատմամբ: Նա նույնպես մեղավոր է ճանաչվել եւ դատապարտվել 4 տարի 9 ամիս 7 օրվա ազատազրկման` 3 տարի փորձաշրջանի սահմանմամբ:
Հիշեցնենք, որ հուլիսին ԱԱԾ քննչական վարչությունը հաղորդել էր ԱԷԿ գնումներին առնչվող քրեական գործի նախաքննության ավարտի մասին: Ինչպես հաղորդել էին ԱԱԾ-ում, նախաքննության ընթացքում պարզվել էր, ԱԷԿ նախկին գլխավոր տնօրեն Գագիկ Մարկոսյանը, նախկին կոմերցիոն տնօրեն Ռուբիկ Մովսիսյանը, գլխավոր տնօրենի նախկին տեղակալ Մովսես Մովսիսյանը և վերանորոգման, նախապատրաստման եւ կարգավորման բաժնի պետ, գնումների գործընթացի պատասխանատու ստորաբաժանման ղեկավար Էդուարդ Ղազարյանը կատարել են առանձնապես խոշոր չափերի հափշտակություն, պետությանը պատճառելով 783 միլիոն 586 հազար դրամի վնաս, որն ամբողջությամբ հատուցվել է: