Արմինֆո. Ղարաբաղյան կողմից հրադադարը 60 և 82 միլիմետրանոց ականանետերից խախտելու վերաբերյալ Ադրբեջանի ՊՆ մամուլի ծառայության տարածած տեղեկատվությունն իրականությանը չի համապատասխանում: Այդ մասին ասվում է ԼՂՀ ՊԲ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ, գնդապետ Սենոր Հասրաթյանի մեկնաբանությունում:
«Նախ՝ շատ կցանկանայինք, որ ղարաբաղյան կողմին հասցեագրված իրարանման մեղադրանքները հիմնավորելու համար հակառակորդ կողմը բերեր գոնե մեկ ապացույց: Ինչ վերաբերում է ադրբեջանական բանակի կողմից պարբերաբար իրականացվող ականանետային հարվածներին, ապա ղարաբաղյան կողմը պատրաստ է բերելու դրանք հաստատող բազում ապացույցներ: Երկրորդ` եթե ադրբեջանական կողմը շահագրգռված է շփման գծում նման դեպքերի բացառմանը, ապա, ինչպես հայկական կողմը, նա ևս պետք է իր համաձայնությունը տա առաջնագծում հետաքննության մեխանիզմների ներդրմանը, որն ի դեպ քննարկվել է Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում կողմերի միջև տեղի ունեցած հանդիպումների ժամանակ: Մինչդեռ Ադրբեջանն այս քայլին չի գնում: Եվ վերջապես ղարաբաղյան կողմը պատրաստ է ցանկացած պահի և առաջնագծի ցանկացած տեղամասում միջնորդների մասնակցությամբ իրականացնել դիտարկում` նախահարձակ կողմին հայտնաբերելու համար», - ասվում է ԼՂՀ ՊԲ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետի հայտարարությունում: