Արմինֆո. ՀՀ ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովը հավանություն է տվել «ՀՀ պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» օրինագծին, որով առաջարկվում է հատուցման գումարներ վճարել այն զինծառայողներին, ովքեր մահացել կամ հաշմանդամություն են ստացել ՀՀ պաշտպանության մարտական գործողություններին մասնակցելու կամ հակառակորդի հետ շփման գծում մարտական հերթապահության կամ հատուկ առաջադրանք կատարելու ժամանակ:
Քննարկումների ընթացքում ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը կրկին հայտարարել է, որ յուրաքանչյուր աշխատող ֆիզիկական անձ պետք է ամսական 1000 դրամ վճարի այդ նպատակով ստեղծվող հիմնադրամին: Ըստ որում, նա ավելացրել է, որ դա նոր հարկատեսակ չէ, ինչպես հյատարարում են սոցիալական ցանցերի օգտատերերը և որոշ քաղաքական գործիչներ: «Հայաստանում կան վճարումներ, որոնք կախված չեն եկամտից և ոչ թե փոփոխական տոկոս են, այլ՝ ֆիքսված գումար: Եվ այդ հազար դրամը նման
վճարներից մեկն է»,-նշել է նա:
Ըստ որում, նախարարն ավելացրել է, որ հազար դրամը նվազագույն ֆիքսված գումար է բոլոր քաղաքացիների համար, սակայն ցանկացողները կարող են ավելին վճարել: Սարգսյանն ընդգծել է նաև, որ այդ հարցում ձգտելու է համախմբել ողջ հայ ժողովրդի ներուժը: Սարգսյանն անդրադարձել է նաև սոցիալական ցանցերում հնչող կոչերին, որ այդ հիմնադրամին պարտադիր վճարումներ կատարեն պաշտոնյանները և ձեռնարկատերերը: Այս առնչությամբ նա նշել է, որ բոլոր պատգամավորներն ապրիլյան ագրեսիայից հետո աշխատավարձի 2%-ը վճարում են ՊՆ-ին, իսկ կառավարության անդամները մի քանի անգամ ամբողջ աշխատավարձը փոխանցել են նախարարության հաշվին: «Որոշ ձեռնարկատերեր օգնում են վիրավոր զինծառայողներին ու նրանց ընտանիքներին, պարզապես չեն ձգտում ընդգծել դա: Հետևաբար՝ պետք չէ բոլորին քննադատել: Իսկ եթե հանրությունը ցանկանում է, որպեսզի օլիգարխները և կոռուպցիոներները նվիրատվություններով քավեն մեղքը, դա լավագույն ելքը չէ: Կոռուպցիոներների դեմ պետք է պայքարել, այլ ոչ թե նրանց սոցիալական արդարության կոչ անել»,- նշել է նա:
Նշենք, որ եթե խորհրդարանը հավանություն տա օրինագծին, ստեղծվելու է զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման հիմնադրամ: Զոհված և առաջին կարգի հաշմանդամություն ստացած զինծառայողի ընտանիքները կստանան միանվագ 10 մլն. դրամ ապահովագրական վճար: 2-րդ կարգի հաշմանդամություն ստացած զինծառայողին կհատկացվի միանվագ 5 մլն. դրամ ապահովագրական վճար: Զոհվելու կամ առաջին կարգի հաշմանդամություն ստանալու դեպքում ամսական ապահովագրական վճարները կկազմեն` 300 հազար դրամ սպայական անձնակազմի, 250 հազար դրամ ենթասպաների և 200 հազար դրամ շարքայինների դեպքում: Երկրորդ կարգի հաշմանդամների դեպքում այդ վճարները համապատասխանաբար կկազմեն 250, 200 և 150 հազար դրամ: Այդ գումարը, որպես ապահովագրական վճար, կվճարվի 20 տարի շարունակ՝ կազմելով սպայական անձնակազմի համար 82 մլն. դրամ, ենթասպայական անձնակազմի պարագայում՝ 70 մլն. դրամ և շարքայինների դեպքում՝ 48 մլն. դրամ: Յուրաքանչյուր աշխատող ֆիզիկական անձ պետք է ամսական 1000 դրամ վճարի այդ նպատակով ստեղծվող հիմնադրամին: