

Արմինֆո. ՀՀ ոստիկանությունը չի ցանկանում հրաժարվել արտաբյուջետային միջոցներից, քանի որ դրանք ֆինանսները ճկուն բաշխելու հնարավորություն են տալիս: Այդ մասին հոկտեմբերի 31-ին բյուջետային լսումների ժամանակ հայտարարել է ՀՀ փոխոստիկանապետ Վարդան Եղիազարյանը:
Նրա խոսքով, ոստիկանության հիմնական ռեսուրսն արտաբյուջետային միջոցներն են, որոնք, կառույցի կանխատեսումների համաձայն, 2016 կկրճատվեն: «Բյուջեի միջոցները չեն բավականացնում կապիտալ շինարարության և այլ ծախսերի համար: Այդ միջոցների հաշվին մեզ հաջողվում է ճկուն ֆինանսական քաղաքականությում իրականացնել»,- ընդգծել է նա: Եղիազարյանը համաձայն չէ նաև այն պնդմանը, որ ոստիկանության աշխատակիցների թիվն ավելի շատ է, քան անհրաժեշտ է երկրին: Մասնավորապես, նա հայտարարել է, որ զարգացած շատ երկրների համեմատ բնակչության և իրավապահ մարմիների աշխատակիցների թվաքանակի հարաբերակցության ցուցանիշը Հայաստանում շատ ցածր է:
Երկրի գլխավոր գանձապահ Ատոմ Ջանջուղազյանն իր հերթին հայտարարել է, որ բյուջեի նախագծով 2017 թ. Ոստիկանությանը նախատեսվում է հատկացնել 42 մլրդ դրամ: Միջոցների հիմնական մասը կուղղվի հասարական կարգի պահպանմանը` 86,4% (36,4 մլրդ դրամ),հատուկ նշանակության օբյեկտների պահպանությանը կուղղվի 7,6% (3,2 մլրդ դրամ), միջոցների մնացած մասը կուղղվի 12 ծրագրերի իրականացմանը:
Նշենք, որ, ԶԼՄ-ների համաձայն, ՀՀ ոստիկանության արտաբյուջետային հաշիվները կազմում են շուրջ 22 մլրդ դրամ, և այդ գումարը ծախսվում է կառույցի պետի հայեցողությամբ: Այդ գումարից շուրջ 13.5 մլն դրամ հավաքվել է` ճանապարհային երթևեկության կանոների խախտման համար տուգանքների տեսքով: Արտաբյուջետային միջոցներից բացի, միայն պետբյուջեից ոստիկանությունը տարեկան ավելի քան 60 մլրդ դրամ է ստանում:



