


Արմինֆո.Բլոր հայ խորհրդարանականների աշխատանքի հիմքում ընկած է ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման հարցը: Այդ մասին հայտարարել է ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը` նախօրեին ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանի հետ հանդիպման ժամանակ:
Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդեցին ՀՀ ԱԺ մամուլի ծառայությունից, հանդիպմանը կողմերը կարեւորել են երկու հայկական խորհրդարանների միջեւ ակտիվ շփումների անհրաժեշտությունը:
«Բոլոր միջազգային հարթակներում մենք պետք է առավել ակտիվ ներկայացնենք ԼՂ հիմնահարցի էությունը, արցախահայության ինքնորոշման իրավունքի ամբողջական իրացման անխուսափելիությունը, ինչպես նաեւ խստորեն դատապարտենք Ադրբեջանի ապակառուցողական եւ հանցագործ քաղաքականությունը: Ուզում եմ Ձեզ հավաստիացնել, որ ՀՀ ԱԺ խորհրդարանական պատվիրակություններն անելու են առավելագույնը՝ պաշտպանելու արցախահայության արդար պայքարը բոլոր հարթակներում: Արցախի միջազգային ճանաչումը մեր գերակա խնդիրն է»,-ընդգծել է ԱԺ փոխնախագահը:


