Արմինֆո. Ռուսաստանի և Հայաստանի միջև դաշնակցային հարաբերությունները հիմնված են ընդհանուր պատմական, մշակութային և հոգևոր արժեքների, բարեկամության և բարիդրացիության դարավոր ավանդույթի վրա: Այդ մասին ասվումէ Երևանում ռուս-հայկական միջտարածաշրջանային հինգերորդ համաժողովի և եվրասիական գործընկերության միջազգային համաժողովի մասնակիցներին և հյուրերին հղված ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ուղերձում, որն ընթերցել է ՌԴ տրանսպորտի նախարար Մաքսիմ Սոկոլովը: ՌԴ նախագահի ուղերձում նշվում է, որ այդ հզոր համախմբող գործոնը մեծ հնարավորություններ է ապահովում Ռուսաստանի և Հայաստանի կայուն և արդյունավետ համագործակցության համար, որն ակտիվորեն զարգանում է արդյունաբերության, առևտռրի, հումանիտար, գիտակրթական ոլորտներում: Իրագործվում են պահանջված և բարձր տեխնոլոգիական նախագծեր, ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմանի ձևաչափերով: «Ակնկալում եմ, որ անկեղծ, կառուցողական բանավեճերի ընթացքում մշակված առաջարկություններն ու հանձնարարականները կծառայեն բազմաբնւոյթ ռուս-հայկական երկխոսության կատարելագործմանը, գործարար մթնոլորտի բարելավմանը և ողջ եվրասիական տարածքում փոխգործկցության ամրապնդմանը», - նշել է ռուսական պետության ղեկավարը:
Նշենք, որ ռուս-հայկական միջտարածաշրջանային հինգերորդ համաժողովի հիմնական նպատակը աջակցությունն է Ռուսաստանի և Հայաստանի դաշնակցային հարաբերությունների հետագա զարգացմանը` միջպետական մակարդակի երկկողմ փոխգործակցության մեխանիզմների կայացման համատեքստում: Համաժողովի անցկացումը լրացուցիչ լիցք կհաղորդի Ռուսաստանի և Հայաստանի երկկողմ համագործակցւթյանը, կծառայի գործարար մթնոլորտի բարելավմանն ու երկու երկրների տարածաշրջանների փոխգործակցության ամրապնդմանը:
Իսկ եվրասիական գործընկերության միջազգային առաջին համաժողովի նպատակը եվրասիական տարածքում երկկողմ և բազմակողմանի առևտրատնտեսական գործընկերության ինտեգրացիոն գործընթացների զարգացումն է` Չինաստանի, Հնդկաստանի, Իրանի, ԱՊՀ, ՇՀԿ, ԲՐԻԿՍ և այլ շահագրգիռ պետությունների և ինտեգրացիոն կառույցների մասնակցւոթյամբ: