


Արմինֆո.Վանաձորի քաղաքապետի ընտրության տրամաբանությունը հակասում է քաղաքական մշակույթի նորմերին և ոգուն։ Ակնհայտ է, որ տեղ է գտել ճնշում ավագանու որոշ ոչ ՀՀԿ-ական անդամների վրա, եղել է ստվերային գործարք։ ՀՀԿ-ական քաղաքապետի ընտրությունը նման մեթոդներով ծանր հարված է քաղաքական համակարգին: Այդ մասին նշվում է «Համախմբում՚ կուսակցության հաղորդագրության մեջ:
ՙՆոր սահմանադրությամբ հռչակված համակարգային բարեփոխումները, երկրի համար նոր սկզբի գաղափարը, ըստ էության, ի դերև ելան վանաձորյան ընտրություններով։ Փաստ է, որ իշխանությունը գեղեցիկ ձևակերպումների տակ ընդամենը հետապնդում է սեփական վերարտադրության և ամեն ինչ մեկ կուսակցության ձեռքում կենտրոնացնելու ծրագիրը։
Այս պայմաններում քաղաքական ուժերի և քաղաքացիական հասարակության խնդիրն է դառնում համախմբող բանաձևեր գտնելը, որը թույլ կտա առաջիկա խորհրդարանական ընտրություններում երկիրը միասնական ջանքերով դուրս բերել քաղաքական մենաշնորհի անհեռանկար վիճակից՚,- նշվում է կուսակցության հաղորդագրության մեջ:
ՙՀամախմբումը՚ հայտնում է նաև, որ կուսակցությունը բողոքարկել է Գյումրիի թիվ 34 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի որոշումը: ՙՀարցի քննությունը կշարունակվի ԿԸՀ-ում՚,- նշվում է հայտարարության մեջ:
Նշենք, ընդդիմադիր ուժերը Վանաձորում և Գյումրիում որոշել են բոյկոտել Ավագանու խորհրդի նիստերը: Վանաձորում բոյկոտելու վերաբերյալ որոշում է կայացրել «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը, նրան է միացել նաև ՙԲարգավաճ Հայաստան՚ կուսակցությունը, իսկ ՙՀայկական վերածնունդ՚ կուսակցությունից, որին, ի դեպ, մեղադրում են Վանաձորի քաղաքապետի ընտրությունների ժամանակ ընդդիմությանը դավաճանելու մեջ, առայժմ այդ որոշման առնչությամբ արձագանք չկա: -լ-



