
Արմինֆո. Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի արձագանքը ղարաբաղյան հիմնախնդրի վերաբերյալ ԱՄՆ պետքարտուղարի հայտարարությանը հետևանք է այն բանի, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրները երկար ժամանակ հանդուրժում են նրա սադրիչ հռետորաբանությունն ու գործելաոճը։ Այդ մասին հայտարարել է ԱԳ նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը:
Նրա խոսքով, հենց համանախագահների այդ մոտեցման պատճառով է, որ Ալիևի մոտ ամրապնդվում է ամենաթողության զգացումը, ու Բաքուն ավելի է սաստկացնում իր անհարգալից կեցվածքը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ու նրանց առաջարկությունների հանդեպ։ ՙԱդրբեջանը ոչ միայն հրաժարվում է կյանքի կոչել Վիեննայի և Սանկտ-Պետերբուրգի գագաթաժողովներին բանակցությունների առաջ մղման համար անհրաժեշտ պայմանների ստեղծման նպատակով ձեռք բերված պայմանավորվածությունները, այլև փաստացի մերժում է հիմնախնդրի բացառապես խաղաղ հանգուցալուծման՝ համանախագահ երկրների կողմից առաջարկված հիմնարար սկզբունքները՚,- հայտարարել է Քոչարյանը:
Նշենք, որ նախօրեին Ադրբեջանի նախագահն իր զարմանքն է արտահայտել վերջերս ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի հայտարարության առնչությամբ: «Այդ հայտարարությունը տարակուսանք է առաջացնում: Հակամարտության կարգավորված չլինելու մեջ Ադրբեջանին մեղադրելն առնվազն անարդարացի է՚,-ասել է նա, ընդգծելով, որ ԱՄՆ, Ռուսաստանի և Ֆրանսիայի նախագահները բազմաթիվ անգամ հայտարարել են, որ հակամարտությունում ստատուս-քվոն անընդունելի է: Ըստ Ալիևի, ունենալով նման լուրջ հայտարարություն և միատեսակ ձևով մեղադրել հակամարտության երկու կողմերին, դա պարզապես աջակցություն է Հայաստանի քաղաքականությանը: «Մենք չենք ընդունում նման հայտարարությունները: Գտնում ենք, որ առաջիկայում այդ արտահայտությունները կճշգրտվեն ամենաբարձր մակարդակով: Հակառակ պարագայում, միջնորդական առաքելությունը կարող է դրվել կասկածի տակ՚,-ասել է նա: Ավելի վաղ ԱՄՆ պետքարտուղարը հայտարարել էր, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության հաղթահարման պայմանները դեռ չեն ստեղծվել: Նրա խոսքով, այսօրվա աշխարհում կան սառեցված հակամարտություններ, այդ թվում նաև ԼՂ հակամարտությունը, որոնցում ներկայումս կարգավորման հնարավորությունները դեռ չեն դիտվում, և առաջին հերթին այն պատճառով, որ «ղեկավարները դրան պատրաստ չեն՚: