
Արմինֆո. ԼՂՀ պաշտպանության բանակն Ադրբեջանին մեղադրում է առաջնագծում իրավիճակն աստիճանաբար և նպատակային սրելու համար:
«Դատելով ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում վերջին շրջանում տեղ գտնող զարգացումներից, տպավորություն է ստեղծվում, որ հակառակորդն ընտրել է առաջնագծում իրավիճակն աստիճանաբար և նպատակային սրելու մարտավարություն: Դա արտահայտվում է ինչպես հրադադարի պահպանման ռեժիմի խախտման դեպքերի քանակական աճով, այնպես էլ դրանցում կիրառվող զինատեսակների որակական հատկանիշներով: Հատկանշական է, որ ապրիլյան քառօրյա առճակատումը սանձազերծած ադրբեջանական կողմը, որը վերահաս պարտությունից խուսափելու նպատակով ստիպված էր իր իսկ խնդրանքով և երրորդ կողմի միջնորդությամբ մարտագծում վերահաստատել 1994-ի մայիսին եռակողմ համաձայնությամբ ձեռքբերված հրադադարը, կրկին անցել է սադրիչ գործողությունների ոչ միայն հակամարտ զորքերի շփման գծում, այլև քարոզչական դաշտում», - ասվում է ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունից ԱրմԻնֆո-ին տրամադրված հաղորդագրությունում:
«Աանցած օրերի ընթացքում հակառակորդը, կիրառելով տարբեր տրամաչափի հրաձգային զենքեր, այդ թվում` «ԴՇԿ» տիպի գնդացիր, «Սև նետ» և «Իստիգլալ» դիպուկահար զինատեսակներ ու ՀԱՆ – 17 տիպի նռնականետ, այսօր տարածել է տեղեկություն առ այն, թե իբր հայկական կողմն առաջնագծում կիրառել է 60 մմ-ոց ականանետեր: Ադրբեջանի պաշտպանության նախարարության կողմից այսօր տարածված տեղեկատվությունն այն մասին, թե իբր հայկական կողմի արձակած կրակոցից զինծառայող է մահացել, իրականությանը չի համապատասխանում:
ՊԲ առաջապահ ստորաբաժանումները երբեք նախահարձակի դերում հանդես չեն գալիս և ամենայն պատասխանատվությամբ հետևում են հրադադարի ռեժիմի պահպանմանը:
Ավելին` հարկ է ընդգծել, որ վերջին շրջանում ադրբեջանական կողմը հակամարտության գոտու տարբեր հատվածներում անհամեմատ ակտիվացրել է հրադադարի ռեժիմի խախտման դեպքերը` կիրառելով ոչ միայն փոքր տրամաչափի հրաձգային զինատեսակներ, այլև գնդացիրներ ու հեռահար դիպուկահար հրացաններ: Ասվածի ամենաթարմ ապացույցը այսօր շփման գծի հյուսիսային ուղղությամբ ադրբեջանական զինուժի կողմից կիրառված <<Սև նետ>> և <<ԻՍՏԻԳԼԱԼ>> տիպի խոշոր տրամաչափի դիպուկահար հրացաններից արձակված շուրջ 50 թիրախավորված կրակոցներն են: Ելնելով այս իրողությունից` ադրբեջանական կողմին խորհուրդ կտայինք նախազգուշացնելու փոխարեն հիշել հրադադարի ռեժիմի պահպանման վերաբերյալ միջազգային հանրության առաջ ստանձնած պատասխանատվության մասին: Միաժամանակ ԼՂՀ պաշտպանության նախարարությունը զգուշացնում է, որ հակառակորդի կողմից հայ զինծառայողի ցանկացած թիրախավորում անպատասխան չի մնալու:
ՂՀ պաշտպանության նախարարությունն ամենայն պատասխանատվությամբ հայտարարում է, որ ադրբեջանական կողմի տարածած ապատեղեկատվությունը ոչ այլ ինչ է, քան իրավիճակի ապակայունացմանն ուղղված պարզամիտ քարոզչական հնարք», - ասվում է ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայության հաղորդագրությւնւոմ: