


Արմինֆո. Էջմիածնի քաղաքապետի պաշտոնի թեկնածուներից մեկը` Արթուր Թումանյանը, տեղափոխվել է հիվանդանոց: Այդ մասին հաղորդել է նրա կողմնակից, նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանը: Նրա ասելով, քաղաքապետի թեկնածուն «Էրեբունի» ԲԿ նևրոլոգիական բաժանմունքում է: Ոչ պաշտոնական տեղեկությունների համաձայն, Թումանյանը ծանր վիճակում է և, հնարավոր է, չմասնակցի ընտրություններին:
Երեկ, ժամը 23։00-ի սահմաններում կրակել են Էջմիածնի գործող քաղաքապետ Կարեն Գրիգորյանի մեքենայի վրա, ով գեներալ և ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանի որդին է: Մեքենայում եղել է նաև Կարեն Գրիգորյանի եղբայրը: Տեղեկություններ կան, որ կրակել են Էջմիածնի քաղաքապետի պաշտոնի թեկնածու Արթուր Թումանյանը և նախկին քաղաքապետ Հրաչիկ Աբգարյանի զարմիկը: Ավելի ուշ տեղի է ունեցել, ծեծկռտոց, որի ընթացքում տուժել են Թումանյանն ու Աբգարյանը: Նրանք երկուսն էլ հիվանդանոցում են:
Ի դեպ, սա Էջմիածնի քաղաքապետի ընտրություններին առնչվող առաջին սկանդալային միջադեպը չէ: Ավելի վաղ Էջմիածնի բնակիչ Կարեն Խաչատրյանը հայտարարել էր, որ Գրիգորյանի կողմնակիցներն իրեն առևանգել էին և պահել այնքան ժամանակ, մինչև որ թեկնածություն առաջադրելու ժամկետն ավարտվի:
Հիշեցնենք, որ Էջմիածնի քաղաքապետի ընտրությունները կկայանան սեպտեմբերի 18-ին: Ինչպես նշում է Հայաստանի ԿԸՀ կայքը, ընտրություններին կմասնակցեն գործող քաղաքապետ Կարեն Գրիգորյանը, Էջմիածնի քաղաքապետարանի պաշտոնյա Արթուր Խաչատրյանը և Արթուր Թումանյանը:



