


Արմինֆո. Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն ընդհանուր իրավասության դատարանը սեպտեմբերի 15-ին մերժել է «Սասնա ծռեր՚ խմբի անդամ Արամ Մանուկյանի խափանման միջոցը փոխելու և նրան գրավի դիմաց ազատ արձակելու վերաբերյալ միջնորդությունը:
Ինչպես հայտնել է Մանուկյանի փաստաբան Ինեսա Պետրոսյանը, միջնորդությունը մերժվել է անհեթեթ պատճառաբանությամբ, թե իբր Արամ Մանուկյանը, գտնվելով ազատության մեջ, կարող է հանցավոր գործողություններ ձեռնարկել հորն ազատելու համար /Պավել Մանուկյան-խմբ./:
Մինչդեռ պաշտպանական կողմն իր միջնորդության մեջ նշել էր, որ Արամ Մանուկյանն առողջական լուրջ խնդիրներ ունի, գտնվում է ՙԴատապարտյալների հիվանդանոց՚ ՔԿՀ-ում և քայլում է հենակներով:
Նշենք, որ Արամ և Պավել Մանուկյանները վիրավորվել էին ՊՊԾ գնդի տարածքում ոստիկանության հետ գիշերային փոխհրաձգության ժամանակ: Նրանք տեղափոխվել էին ՙԷրեբունի՚ բժշկական կենտրոն և վիրահատվել: Նրանց նկատմամբ մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 219 հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով (շենքերի և փոխադրամիջոցների գրավում և ոչնչացում) և 235 հոդվածով (զենքի և զինամթերքի ապօրինի պահում, փոխադրում, կիրառում և իրացում): Օգոստոսի 23-ին Վերաքննիչ դատարանը հրաժարվել է փոխել ՙՍասնա ծռերի՚ անդամ Արամ Մանուկյանի նկատմամբ խափանման միջոցը և ուժի մեջ թողել երկամսյա կալանքի վերաբերյալ առաջին ատյանի դատարանի որոշումը: Օգոստոսի 18-ին Վերաքննիչ դատարանն անփոփոխ է թողել նաև Պավել Մանուկյանի նկատմամբ խափանման միջոց:



