


Արմինֆո.Կառավարությունը մենաշնորհների դեմ պայքարելու է խաղի նոր կանոններով: Սեպտեմբերի 14-ին խորհրդարանում այդ մասին հայտարարել է վարչապետ Կարեն Կարապետյանը` պատասխանելով լրագրողների հարցերին:
«Լինելու են խաղի հավասար կանոններ: Քանի որ շուկան փոքր է, միշտ լինելու են խոշոր խաղացողներ տարբեր ոլորտներում, սակայն հարցն այն է, թե արդյոք դրանք բնական մենաշնորհներ են: Սակայն դա չի նշանակում, թե մենք խլելու ենք հաջողված բիզնեսը», - ընդգծել է նա: Պատասխանելով լրագրողներից մեկի այն ճշտող հարցին, թե արդյոք մինչև նոր վարչապետի նշանակումը խաղի կանոններն այլ էին, վարչապետը նշել է. «Կարծում եմ` այո»: Ընդ որում, կառավարության ղեկավարը չի համաձայնել այն կարծիքին, թե իր նախորդ Հովիկ Աբրահամյանը ձախողել է իր առաքելությունը: «Աբրահամյանն իր վրա ծանր բեռ էր վերցրել չափազանց բարդ պայմաններում», - նշել է նա:
Ընդ որում կառավարության ղեկավարը հայտարարել է, թե Երևանի քաղաքապետի պաշտոնից իր հեռանալուց հետո իրավիճակը երկրում փոխվել է, ինչով և պայմանավորված է իր վերադրաձը քաղաքականություն: «Ես չափազանց մտահոգված եմ մեր տնտեսական իրավիճակով, - նշել է նա: - Բարդ տնտեսական իրավիճակն առաջանում է սուբյեկտիվ և օբյեկտիվ պատճառներով. Ճիշտ կլինի, եթե մենք ճիշտ ախտորոշում կատարենք և սկսենք բուժումը», - նշել է նա:
Նրա ասելով, ինքը ժպիտով է արձագանքում այն հայտարարություններին, թե Կրեմլի դեսպանորդն է: Պատասխանելով այն հարցին, թե ինչ արտաքին քաղաքական գիծ է որդեգրելու, Կարապետյնաը հայտարարել է, որ կներկայացնի ծրագիր, որում արտացոլված կլինի իր տեսլականը: Իսկ լրագրողների այն հարցը, թե արդյոք նա կարող է 7 ամիս անց անձնական պատճառներով հեռանալ իրեն վստահված պաշտոնից, ինչպես կանխատեսում են ԶԼՄ-ները, վարչապետը համարել է ոչ կոռեկտ:



