Արմինֆո. ՙՍասնա ծռեր՚ խմբավորման անդամ Պավել Մանուկյանի որդին՝ Արամը, տեղափոխվել է ՙԷրեբունի՚ բժշկական կենտրոն, որտեղ նա օգոստոսի 29-ին ևս մեկ անգամ կվիրահատվի:
Ինչպես հայտնել է Արամ Մանուկյանի փաստաբան Ինեսա Պետրոսյանը, իր պաշտպանյալը ՙԴատապարտյալների հիվանդանոց՚ ՔԿՀ-ից ՙԷրեբունի՚ բժշկական կենտրոն է տեղափոխվել օգոստոսի 29-ի առավոտյան:
Նա նաև հայտնել է, որ այս շաբաթվա ընթացքում կրկնակի վիրահատության կենթարկվեն նաև ՙՍասնա ծռերի՚ մնացած վիրավոր անդամները:
Նշենք, որ Արամ և Պավել Մանուկյանները վիրավորվել էին ՊՊԾ գնդի տարածքում ոստիկանության հետ գիշերային փոխհրաձգության ժամանակ: Նրանք տեղափոխվել էին ՙԷրեբունի՚ բժշկական կենտրոն և վիրահատվել:
Նրանց նկատմամբ մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 219 հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով (շենքերի և փոխադրամիջոցների գրավում և ոչնչացում) և 235 հոդվածով (զենքի և զինամթերքի ապօրինի պահում, փոխադրում, կիրառում և իրացում): Օգոստոսի 23-ին Վերաքննիչ դատարանը հրաժարվել է փոխել ՙՍասնա ծռերի՚ անդամ Արամ Մանուկյանի նկատմամբ խափանման միջոցը և ուժի մեջ թողել երկամսյա կալանքի վերաբերյալ առաջին ատյանի դատարանի որոշումը: Օգոստոսի 18-ին Վերաքննիչ դատարանն անփոփոխ է թողել նաև Պավել Մանուկյանի նկատմամբ խափանման միջոց: