
ԱրմԻնֆո. ՀՀ Ազգային ժողովի մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովում նոյեմբերի 25-ին անցկացվում են աշխատանքային քննարկումներ «Հավասարության ապահովման և խտրականությունից պաշտպանության մասին» օրենքի նախագծի և փաստաթղթերի փաթեթի շուրջ, որոնք նախկինում հավանության էին արժանացել ՀՀ կառավարության կողմից։
Ինչպես իր ելույթում նշել է ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Աննա Կարապետյանը, առաջարկվող փաթեթը կոչված է լրացնելու երկրի գործող օրենսդրության այն բացերը, որոնք առկա են՝ չնայած երկրի գործող Սահմանադրությունում համապատասխան դրույթների առկայությանը։ Նախաձեռնությունը զարգացնում է հավասարության և խտրականության բացառման սահմանադրական երաշխիքները։ Այն մշակվել է՝ հաշվի առնելով 2024 թվականին մեկնարկած հանրային քննարկումները։
Փաթեթում ամրագրվում են ուղղակի և անուղղակի խտրականության, ոտնձգության, խտրականության հրահրման, վիկտիմիզացիայի, խաչաձև խտրականության, ասոցիացիայի կամ ընկալման հիմքով խտրականության, ինչպես նաև հաշմանդամություն ունեցող անձանց համար ողջամիտ հարմարեցումից հրաժարվելու սահմանումները։ Խտրականության արգելման հիմքերի ցանկը բաց բնույթ ունի և ներառում է, ի թիվս այլնի, սեռը, ռասան, մաշկի գույնը, էթնիկական կամ սոցիալական ծագումը, գենետիկական հատկանիշները, լեզուն, կրոնը, համոզմունքները, քաղաքական հայացքները, ազգային փոքրամասնությանը պատկանելը, գույքային դրությունը, ծնունդը, հաշմանդամությունը, առողջական վիճակը և սեռական կողմնորոշումը։
Մարդու իրավունքների պաշտպանը օժտվում է հավասարության հարցերով ազգային մարմնի գործառույթներով։ ՄԻՊ-ի իրավասության մեջ կմտնեն բողոքների քննությունը, մշտադիտարկումը, հավասար վերաբերմունքի խթանումը և առաջարկությունների ներկայացումը, իսկ սահմանված պայմանների պահպանման և գրավոր համաձայնության առկայության դեպքում՝ դատարան դիմելը։
Նշենք, սակայն, որ իրավապաշտպաններն ու քաղաքացիական հասարակությունը ողջունում են բարեփոխումների առաջմղման փաստը, սակայն մատնանշում են մի շարք չլուծված խնդիրներ։ Մասնավորապես, ի տարբերություն 2024 թվականի տարբերակի՝ կառավարության հավանությանն արժանացած փաթեթից հանվել են խտրականության, ոտնձգության և վիկտիմիզացիայի համար հատուկ վարչական պատժամիջոցները։ Փաթեթում չի ամրագրվել նաև ապացուցման բեռը պատասխանողի վրա տեղափոխելու ընդհանուր կանոնը, և դա ուղղակիորեն նախատեսված է միայն այն դեպքերում, երբ խախտումը հաստատվել է Մարդու իրավունքների պաշտպանի որոշմամբ։ Փորձագետները նաև ուշադրություն են հրավիրում մասնավոր անձանց գործողությունների նկատմամբ Մարդու իրավունքների պաշտպանի սահմանափակ լիազորությունների, նրա որոշումների պարտադիր ուժի բացակայության, ինչպես նաև վարչական ակտերի վիճարկման դեպքում դատական պաշտպանության և կոլեկտիվ շահերի պաշտպանության գործում ոչ կառավարական կազմակերպությունների մասնակցության հարցերի վրա։