
ԱրմԻնֆո. Ժողովրդագրության բանալին երրորդ երեխան է, սակայն երրորդը ծնվում է միայն այնտեղ, որտեղ վստահությամբ ծնվել են առաջինն ու երկրորդը։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Ameria ընկերության գործընկեր, կառավարչական խորհրդատվության ծառայության ղեկավար, հայտնի տնտեսագետ Տիգրան Ջրբաշյանը։
Նա նկատել է, որ հենց երրորդ երեխայի դեպքում է ընտանիքն ամենից հաճախ հայտնվում աղքատության շեմից այն կողմ։ Ջրբաշյանի խոսքով՝ երեք և ավելի փոքր երեխաներ ունեցող ընտանիքների շրջանում աղքատ է 43%-ը՝ գրեթե երկու անգամ ավելի, քան միջին ցուցանիշն ամբողջ երկրում։ Այս համատեքստում նա ընդգծել է, որ երրորդ երեխայի ծննդյան համար միանվագ վճարումը չի լուծի այս խնդիրը, իսկ տվյալ դեպքում անհրաժեշտ է համակարգ։
<Երեխա ունենալու որոշում կայացնում են, երբ ընտանիքը վստահ է ամբողջ շղթայի հարցում․ ֆինանսական աջակցությունը ոչ թե միանվագ է, այլ նախատեսված է տարիների համար, և որքան շատ են երեխաները, այնքան մեծ է այն․ արձակուրդ, որը մայրն ու հայրը կարող են կիսել՝ առանց աշխատանքը կորցնելու վախի․ երեխայի խնամքի ծառայություններ՝ մանկամսուր, մանկապարտեզ, դայակ՝ տան մոտ և մատչելի գնով․ գործատու, որի համար աշխատակցուհու երրորդ երեխան նորմա է, ոչ թե խնդիր․ բնակարան, որտեղ տեղ կա ևս մեկ մահճակալի համար․ դպրոց և բժիշկ, որոնք հասանելի են յուրաքանչյուր երեխայի, ոչ միայն նրանց, ում ծնողները կարող են վճարել․ և ամենակարևորը՝ վստահություն, որ այս երեխայի ապագան այստեղ է՝ Հայաստանում։ Եթե մի օղակ պակասի, ոչ մի վճարում այն չի փոխարինի>, - ասել է փորձագետը։
Այս կապակցությամբ նա ընդգծել է, որ ժողովրդագրության ռազմավարության համար գումարը ծննդյան դիմաց տրվող նվեր չէ, այլ համակարգի օղակներից մեկը։ Երեխաներ ունեցող ընտանիքը, Ջրբաշյանի խոսքով, պետք է ապրի ոչ թե անզավակ ընտանիքից ավելի վատ, այլ ավելի բարեկեցիկ և հնարավորություն ունենա ներդրումներ կատարելու յուրաքանչյուր երեխայի կրթության ու առողջության մեջ։ <Հակառակ դեպքում ծնելիության համար կվճարի հենց երեխաների ապագան։ Սա ավելի ձանձրալի է, քան եթերում հնչող գեղեցիկ բաղադրատոմսը։ Բայց այլ ճանապարհ չկա։ Կախարդական կոճակ չկա։ Կա աշխատանք՝ համակարգային աշխատանք>, - ասել է նա։
Նշենք, որ ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալներով՝ Հայաստանում 2026թ. հունվար-սեպտեմբերին ծնվել է 22 759 երեխա, ինչը 3,8%-ով ցածր է մեկ տարի առաջվա ցուցանիշից (մեկ տարի առաջ անկումը կազմել էր 5%)։ Հաշվետու ժամանակահատվածում 1000 բնակչի հաշվով ծնելիության գործակիցը կազմել է 9,8 պրոմիլ՝ 2025թ. նույն ժամանակահատվածի 10,3 պրոմիլի դիմաց։
Հիշեցնենք, որ 2026 թվականի օգոստոսի 13-ին Հայաստանի կառավարությունն ընդունել է որոշում, համաձայն որի՝ 2026 թվականի սեպտեմբերի 1-ից երեխայի ծննդյան միանվագ նպաստի չափը կկազմի 500 հազար դրամ՝ անկախ ընտանիքում երեխայի ծննդյան հերթականությունից։ Նպաստի միասնական չափի սահմանումից առաջ դրա գումարը կախված էր երեխայի ծննդյան հերթականությունից․ առաջին և երկրորդ երեխայի համար վճարվում էր 300 հազար դրամ, երրորդ և չորրորդ երեխայի համար՝ 1 մլն դրամ, հինգերորդ և յուրաքանչյուր հաջորդ երեխայի համար՝ 1,5 մլն դրամ։