
ԱրմԻնֆո. Հայաստանում իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն ավելի է ընդլայնել երկրի առաջատար ընդդիմադիր կուսակցությունների նկատմամբ քրեական հետապնդումը՝ օգտվելով գործադիր և օրենսդիր իշխանության ճյուղերի նկատմամբ իր գրեթե լիակատար վերահսկողությունից և չարաշահելով նախնական կալանքի ու գույքի բռնագրավման մասին օրենքը։ Այս մասին ասվում է Հայաստանում Ժողովրդավարության միջազգային դիտորդական առաքելության (IODA) հայտարարության մեջ։
Այսօր հրապարակված՝ «Օրենքը որպես զենք. Հայաստանում ընտրություններից հետո քաղաքական ընդդիմախոսների նկատմամբ ճնշումների սրումը» զեկույցում IODA-ն կոչ է անում Հայաստանի կառավարությանը դադարեցնել օրենքը որպես ընդդիմության դեմ քաղաքական գործիք օգտագործելը։ Կազմակերպությունը նաև կոչ է անում համապատասխան միջազգային կառույցներին Հայաստանի ֆինանսական և քաղաքական աջակցության շարունակումը պայմանավորել օրենքի գերակայության խստագույն պահպանմամբ։
«Կառավարությունը պատժում է իր քաղաքական ընդդիմախոսներին՝ կոռուպցիայի դեմ պայքարի պատրվակով, նրանց ձերբակալելով առանց մեղադրանք ներկայացնելու և նրանց գույքը բռնագրավելով՝ առանց պատշաճ իրավական ընթացակարգի նույնիսկ նվազագույն երաշխիքների։ Կառավարության կողմից իր ընդդիմախոսների հետապնդումն ավելի շատ վկայում է քաղաքական գերիշխանության հաստատման արշավի, քան կոռուպցիայի դեմ իրական պայքարի մասին», - հայտարարել է IODA-ի գործադիր խորհրդի անդամ Սառա Լի Ուիթսոնը։
Զեկույցը հիմնված է 2026 թվականի սեպտեմբերին Հայաստանում IODA-ի փաստահավաք առաքելության արդյունքների վրա։ Առաքելության նպատակն էր ուսումնասիրել մարդու իրավունքների իրավիճակը 2026 թվականի հունիսին կայացած խորհրդարանական ընտրություններից հետո, որոնցում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը Ազգային ժողովում ստացավ 105 մանդատից 64-ը։ Սա IODA-ի երրորդ առաքելությունն էր Հայաստանում, որը փաստագրում է քաղաքացիական և քաղաքական իրավունքների շարունակվող վատթարացումը։
Առաքելության ընթացքում IODA-ն հանդիպել է ընդդիմադիր կուսակցությունների ներկայացուցիչների, այդ թվում՝ քրեական հանցագործություններ կատարելու մեջ մեղադրվող անձանց, քրեական և քաղաքացիական գործընթացներում ներգրավված հոգևորականների, փաստաբանների, իրավապաշտպան և քաղաքացիական կազմակերպությունների ներկայացուցիչների, ինչպես նաև Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության հետ։ Հայաստանի իշխանությունները մերժել են IODA-ի՝ պատվիրակության հետ հանդիպելու խնդրանքները։
IODA-ի ուսումնասիրությունը կենտրոնացած էր երկրի երեք հիմնական ընդդիմադիր դաշինքների ղեկավարների, ինչպես նաև Հայ Առաքելական եկեղեցու բարձրաստիճան հոգևորականների քրեական հետապնդման և ձերբակալության իրավական ու փաստական հիմքերի վրա։ Ուսումնասիրությունը ցույց է տվել, որ իշխող կուսակցությունը, փաստացի վերահսկելով դատական և դատախազական համակարգերը, այդ վերահսկողությունն օգտագործում է ընդդիմադիր գործիչների և հոգևորականության նպատակային ու ընտրովի հետապնդման համար՝ նրանց դեմ անհիմն մեղադրանքներ առաջադրելով։ Կառավարությունը լայնորեն օգտագործում է նախնական կալանքի և գույքի բռնագրավման մասին օրենքը՝ քաղաքական ընդդիմախոսներին ձերբակալելու և նրանց ու նրանց ընտանիքներին գույքից զրկելու համար։ Այս ամենն արվում է առանց մեղավորությունը հաստատող դատական որոշման և առանց դատավարական նորմերի ու օրենքի պահպանման պատշաճ երաշխիքների։
«Փաստագրված ձերբակալությունները, նախնական կալանքի որոշումները, առանց մեղադրական դատավճռի գույքի բռնագրավման դեպքերը և կարգավորող մարմինների միջամտությունները առանձին իրավապահ գործողություններ չեն, այլ վկայում են վարչական և դատական համակարգերը որպես քաղաքական ճնշման գործիքներ համակարգված օգտագործելու մասին։ Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացի պետք է մտահոգված լինի օրենքի ընտրովի կիրառմամբ, դատական իշխանության անկախության խաթարմամբ և քաղաքական բազմակարծության տարածքի շարունակվող նեղացմամբ», - հայտարարել է IODA-ի գործադիր խորհրդի անդամ Խոսե Մարիան։
Զեկույցում հիմնական եզրահանգումների թվում նշվում է նախնական կալանքի մասին օրենքի չարաշահումը։ Արձանագրվում է, որ դատախազությունը նախնական կալանքի իր լիազորությունները վերածել է քրեական հետապնդման սովորական գործիքի՝ քաղաքական ընդդիմախոսներին տարբեր մեղադրանքներով երկար ժամանակով կալանավորելով։ Նշվում է նաև, որ դատարանները, որպես կանոն, ընդունում են դատախազության կողմից ներկայացված կալանքի անհրաժեշտության գրեթե նույնական, ձևանմուշային հիմնավորումները՝ յուրաքանչյուր գործի փաստական հանգամանքներն առանձին չգնահատելով։ «Կառավարությունը նաև չարաշահում է կանխարգելիչ պատժի մեխանիզմները՝ սահմանափակելով քաղաքական ընդդիմության ներկայացուցիչների և Հայ Առաքելական եկեղեցու բարձրաստիճան հոգևորականների, այդ թվում՝ Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին II-ի և վեց եպիսկոպոսների ելքը երկրից։ Վերջիններիս նկատմամբ իրականացվող հետաքննությունները, ըստ զեկույցի, ունեն քաղաքական դրդապատճառներ», - նշվում է եզրահանգման մեջ։
Ավելին, ուշադրություն է հրավիրվում գույքի բռնագրավման օրենսդրության չարաշահման վրա, երբ պետական մարմինները համակարգված կերպով կիրառում են քաղաքացիական գործընթացներում գույքի բռնագրավման մեխանիզմը՝ առանց մեղադրական դատավճռի, ինչպես նաև գույքն օտարում են «գերակա հանրային շահի» հիմքով՝ խախտելով այդ գույքի սեփականատիրոջ համընդհանուր իրավունքները։
Ուշադրություն է հրավիրվում նաև Հայաստանում դատական և դատախազական իշխանությունների անկախության խաթարմանը։ Նշվում է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած գործադիր իշխանությունը համակարգված կերպով խաթարում է դատական իշխանության, դատախազության և առանցքային վերահսկող մարմինների անկախությունը՝ դրանք վերածելով ենթակա կառույցների, որոնք օգտագործվում են քաղաքական հետապնդումների համար։
«Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ձևականորեն անկախ մարմիններում առանցքային պաշտոններում նշանակում է գործադիր իշխանությանը հավատարիմ անձանց։ Դատավորները ենթարկվում են լուրջ ճնշումների՝ նպատակային կարգապահական վարույթների, աշխատավարձերի կրճատման և վարչապետի կողմից աշխատանքից ազատելու հրապարակային սպառնալիքների ձևով։ Այս պայմաններում դատավորները ստիպված են մեխանիկորեն բավարարել դատախազության՝ անձանց կալանավորելու և մինչև դատական որոշում կայացնելը ակտիվները սառեցնելու միջնորդությունները։ Ինչպես մանրամասն նկարագրված է զեկույցում, այս մեխանիզմները, ի թիվս այլոց, ընտրովի կերպով օգտագործվել են «Ուժեղ Հայաստան» կուսակցության հիմնադիր Սամվել Կարապետյանի, Հայաստանի երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանի, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի, Հայ Յեղափոխական Դաշնակցության ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանի, «Մայր Հայաստան» դաշինքի առաջնորդ Անդրանիկ Թևանյանի և «Այաքվե» քաղաքացիական կազմակերպության համակարգող Ավետիք Չալաբյանի նկատմամբ», - հետագայում ասվում է եզրահանգման մեջ։
Նշվում է, որ կառավարությունը նաև շարունակում է աննախադեպ քրեական հետապնդման և նախնական կալանքի արշավը Հայ Առաքելական եկեղեցու բարձրաստիճան հոգևորականների նկատմամբ, որոնք քննադատում են վարչապետին կամ հավատարիմ են Ամենայն Հայոց Կաթողիկոսին։
Ելնելով վերոգրյալից՝ IODA-ն կոչ է արել Հայաստանի կառավարությանը՝ նախնական կալանքն օգտագործել բացառապես որպես ծայրահեղ միջոց՝ դրա անհրաժեշտությունը հիմնավորելով յուրաքանչյուր գործի անհատական հանգամանքներով, այլ ոչ թե ընդհանուր և ձևական փաստարկներով, Վենետիկի հանձնաժողովի հետ խորհրդակցելով մանրամասն վերանայել քաղաքացիական դատավարությունում գույքի բռնագրավման մասին 2020 թվականի օրենքը, երաշխավորել դատական իշխանության անկախությունը՝ դադարեցնելով գործադիր իշխանության ճնշումը և Բարձրագույն դատական խորհուրդը որպես քաղաքական ազդեցության գործիք օգտագործելը։
IODA-ն նաև կոչ է անում միջազգային հանրությանը, այդ թվում՝ Եվրոպական միությանը, Միավորված ազգերի կազմակերպությանը, Եվրոպայի խորհրդին և Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպությանը (ԵԱՀԿ)՝ Հայաստանի ֆինանսական և քաղաքական աջակցությունը պայմանավորել օրենքի գերակայության խստագույն պահպանմամբ, ստեղծել քաղաքացիական հասարակության մասնակցությամբ պարտադիր եռամսյակային մշտադիտարկման մեխանիզմներ, ուղարկել ՄԱԿ-ի և ԵՄ-ի հրատապ փաստահավաք առաքելություններ և հրապարակայնորեն դատապարտել քաղաքական դրդապատճառներով իրականացվող հետապնդումները։