
Արմինֆո.Արցախի մշակութային ժառանգության օմբուդսմենի գրասենյակը միջազգային կազմակերպություններին կոչ է արել դատապարտել բռնազավթված ԼՂՀ Մարտունու շրջանի Ամարաս վանքի պատմական ինքնությունը խեղաթյուրելու ադրբեջանական կողմի փորձերը:
Իրավապաշտպան կառույցում այդպես են արձագանքել Ադրբեջանի ալբանա-ուդինյան քրիստոնեական համայնքի ներկայացուցիչների կողմից վանական համալիր այցելելու մասին տեղեկություններին, հայտարարելով, որ դա Արցախի հայկական պատմամշակութային ժառանգության խեղաթյուրման և յուրացման համակարգված քաղաքականության հերթական դրսևորումն է: "Ամարասը հայկական քրիստոնեական ժառանգության նշանակալի հուշարձաններից է, որը հայ ժողովրդի համար ունի բացառիկ պատմական, հոգևոր և մշակութային նշանակություն: Նրա պատմական կապը հայ հոգևոր ավանդույթի, մշակույթի և Արցախում հայերի դարավոր պատմական ներկայության հետ հաստատվում է պատմական աղբյուրներով, գիտական հետազոտություններով և նյութական վկայությունների ամբողջությամբ: Այս պատմական իրողությունը չի կարող փոփոխվել քարոզչական հրապարակումներով, քաղաքական դրդապատճառներով այցերի կամ արհեստականորեն կառուցված մեկնաբանությունների միջոցով", - ասված է գրասենյակի Facebook-յան էջի հաղորդագրության մեջ:
Ադրբեջանական ԶԼՄ-ների կողմից նման այցելությունների տեղեկատվական ուղեկցումը կառույցում գնահատել են որպես ավելի լայն քարոզչական ռազմավարության տարր, որն ուղղված է կեղծ պատմական հայեցակարգերի առաջխաղացմանը, Արցախի հուշարձանների հայկական պատմամշակութային ինքնության ժխտմանը և օտար մշակութային ժառանգության յուրացման փորձերի լեգիտիմացմանը: "Հայկական տաճարների, վանքերի և այլ հուշարձանների նկատմամբ կիրառվող "ալբանական ժառանգության " մասին թեզերի համակարգված առաջխաղացումը չի կարող փոխարինել գիտական օբյեկտիվությունն ու պատմական հավաստիությունը ։ Կրոնական համայնքների օգտագործումը քաղաքականապես պայմանավորված պատմական նարատիվների առաջխաղացման համար, հատկապես, կազմակերպված տեղեկատվական արշավների միջոցով, լուրջ մտահոգություն է առաջացնում եւ պահանջում է սկզբունքային գնահատական միջազգային գիտական հանրության, պրոֆիլային կազմակերպությունների եւ մշակութային ժառանգության պաշտպանության ինստիտուտների կողմից", - հայտարարել են կառույցում:
Այնուհետև Արցախի մշակութային ժառանգության օմբուդսմենի գրասենյակում հիշեցրել են, որ հուշարձանների պատմական պատկանելությունը որոշվում է գիտական հետազոտություններով, հնագիտական, ճարտարապետական, էպիգրաֆիկ և փաստագրական վկայություններով, այլ ոչ թե քաղաքական շահերով, լրատվամիջոցների խմբագրական քաղաքականությամբ կամ պետական քարոզչական մեխանիզմներով: "Արցախի մշակութային ժառանգության օմբուդսմենի գրասենյակը հայտարարում է, որ Ամարասի վանքի պատմական ինքնությունը խեղաթյուրելու և այն քաղաքականապես մոտիվացված կեղծ պատումների շրջանակներում ներկայացնելու ցանկացած փորձ արժանի է վճռականորեն դատապարտման: Նման գործողությունները չպետք է անտեսվեն միջազգային պրոֆիլային կազմակերպությունների, գիտական ինստիտուտների, փորձագիտական հանրության եւ իրավապաշտպան կառույցների կողմից", - ընդգծել են կառույցում:
Այդ առնչությամբ Արցախի մշակութային ժառանգության օմբուդսմենի գրասենյակը կոչ է արել միջազգային կազմակերպություններին, մասնագիտացված փորձագիտական կառույցներին, գիտական հանրությանը և մշակութային ժառանգության պաշտպանության ինստիտուտներին թույլ չտալ պատմական կեղծիքների լեգիտիմացում, մշակութային հուշարձանների քաղաքական յուրացում և Արցախի հայկական ժառանգության պատմական ինքնության շահարկում, ինչպես նաև աջակցել տեղի ունեցող գործընթացների օբյեկտիվ փաստաթղթավորմանը, մոնիտորինգին և միջազգային հրապարակային լուսաբանմանը: "Ամարասը ադրբեջանական քարոզչության օբյեկտ չէ։ Հայկական մշակութային ժառանգությունը չի կարող յուրացվել, վերանվանվել կամ զրկվել իր պատմական ինքնությունից քաղաքական շահարկումների միջոցով: Պատմական ճշմարտությունը քաղաքական թելադրանքի ենթակա չէ", - ամփոփել են իրավապաշտպան կառույցում։
Նշենք, որ Արցախի բռնազավթումից հետո Ադրբեջանն ամբողջությամբ ավերել կամ զգալի վնաս է հասցրել հետևյալ մշակութային - կրոնական օբյեկտներին: Ամբողջությամբ ավերվել է Շուշիի Կանաչ ժամ եկեղեցին (Սուրբ Հովհաննես Մկրտիչ)՝ 2024 թվականի ապրիլին, Շուշիի Ղազանչեցոց գերեզմանոցն ամբողջությամբ ավերվել է, Քարինտակ գյուղն ամբողջությամբ քանդվել է բուլդոզերներով, ապամոնտաժվել են Ստեփանակերտի հուշարձաններն ու կիսանդրիները, այդ թվում ՝ Շառլ Ազնավուրի, Հովհաննես Այվազովսկու, Հովհաննես Թումանյանի և մարշալ Բաղրամյանի հուշարձանները ։ Մեծ Թաղեր գյուղում ավերվել է Մարշալ Խուդյակովի թանգարանը։
Այսօրվա դրությամբ Ադրբեջանի վերահսկողության տակ են մնում շուրջ 4000 հայկական մշակութային օբյեկտներ, այդ թվում՝ ավելի քան 370 եկեղեցի և 119 հնագույն ամրոց: