


Արմինֆո.Հայաստանում Ֆրանսիայի դեսպանությունը և Հայաստանի պատմության թանգարանը հայտարարել են հաստոցային գեղանկարչական ստեղծագործությունների պահպանմանն ու վերականգնմանն ուղղված աննախադեպ ուսումնական-վերականգնողական ծրագրի պաշտոնական մեկնարկի մասին։ Այդ մասին ասվում է ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանատան հաղորդագրությունում։
2026 թվականի նոյեմբերի 3-13-ը Հայաստանի պատմության թանգարանում իրականացվելիք այս համատեղ նախաձեռնությունը կարևոր քայլ է Ֆրանսիայի և Հայաստանի միջև մշակութային համագործակցության զարգացման գործում և վկայում է համաշխարհային ժառանգության պահպանմանն ուղղված Ֆրանսիայի շարունակական հանձնառության մասին։
Ֆրանսիացի հինգ կին վերականգնողների ղեկավարությամբ՝ տասնյոթ հայ մասնագետներ և ուսանողներ հնարավորություն կունենան մասնագիտական վերապատրաստում անցնելու մշակութային ժառանգության վերականգնման ոլորտում։ Ծրագրի նպատակն է ոչ միայն պահպանել արվեստի գործերը, այլև փոխանցել վերականգնման բնագավառի մասնագիտական հմտությունները։ Այն արտացոլում է արվեստի գործերի վերականգնման ոլորտում տեղական մասնագիտական կարողությունները պահպանելու և զարգացնելու ընդհանուր հանձնառությունը։
«Անձնային և մասնագիտական այս փորձը հանրության և ոլորտի մասնագետների հետ կիսելու նպատակով՝ Հայաստանում Ֆրանսիայի դեսպանությունը և Հայաստանի պատմության թանգարանը նախատեսում են մի շարք միջոցառումներ՝ ցուցահանդես դեկտեմբերին, որի բացմանը կնախորդի թեմատիկ մասնագիտական քննարկումների օր, վավերագրական ֆիլմի պատրաստում, կատալոգի հրապարակում և ուսումնական այցելություններ՝ աշխատարանի ընթացքում նախնական պայմանավորվածությամբ», - ասվում է հաղորդագրությունում։


