


Արմինֆո. Եվրոպական հարևանության քաղաքականության և ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսն արձագանքել է Հայաստանում ԵՄ չափորոշիչներով կենսաչափական անձնագրերի տրամադրման համակարգի գործարկմանը:
"Հայերը մեկ քայլով ավելի մոտեցան առանց վիզայի Եվրոպական միությունում ճանապարհորդելու հնարավորությանը։ ԵՄ աջակցության շնորհիվ հայերն այժմ կկարողանան նոր կենսաչափական անձնագրեր ստանալ, ինչը կարագացնի սահմանային վերահսկողությունը և կդյուրացնի ուղևորությունները: Հայաստանն ընտրում է ավելի սերտ կապերը Եվրոպայի հետ, և մենք այնպես ենք անում, որ այդ ընտրությունը նշանակություն ունենա նրա ժողովրդի համար", - գրել է Կոսը՝ Twitter-ի (X) իր միկրոբլոգում:
Նշենք, որ հոկտեմբերի 31-ին Երեւանում պաշտոնապես մեկնարկել է նոր կենսաչափական անձնագրերի եւ ID-քարտերի արտադրությունը: Դրանց պատրաստմամբ զբաղվում է ֆրանսիական IDEMIA Identity Security France and A. C. I. Technology S. a.r.l. ընկերությունների կոնսորցիումը, որը հաղթել է միջազգային մրցույթում։ Ինչպես պատմել են Հայաստանի ՆԳՆ-ում, Երեւանում եւ մարզերում բացվել է "ՀայՓասս" ընկերության 14 գրասենյակ, որի վրա դրված է կենսաչափական անձնագրերի տրամադրման առաքելությունը: Երևանում գրասենյակներ են գործում "Երևան Մոլ" և "Մեգա Մոլ"առևտրի կենտրոններում:


