


Արմինֆո. Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը մեկնաբանել է ոչ մարտական պայմաններում հաճախակի դարձած ժամկետային զինծառայողների մահվան դեպքերը: Նոյեմբերի 5-ին կայացած ճեպազրույցի ժամանակ նա ասել է, որ պաշտպանական գերատեսչությանն առընթեր ստեղծված աշխատանքային խումբն աշխատանքներ է տանում, սակայն հնարավոր չէ մշտապես լինել դիտորդի դերում և տեղի ունեցողին վերաբերվել որպես պատշաճ:
«Ամեն ինչ բացատրություն ունի, բայց դա չի նշանակում, որ դա մեզ բավարարում է: Կոնկրետ ես չեմ պատրաստվում համակերպվել այս իրավիճակի հետ և շարունակաբար հանդես գալ վիճակագրություն հրապարակողի դերում։ Եվ իմ այս ուղերձը հստակ փոխանցել եմ գործընկերներին", - ասել է Փաշինյանը։
Նշենք, որ նոյեմբերի 2-ին հայտնի էր դարձել ոչ մարտական պայմաններում ժամկետային զինծառայողի հերթական մահվան մասին, մինչ այդ պաշտպանական գերատեսչությունը նման հայտարարությամբ հանդես էր եկել հոկտեմբերի 10-ին, սեպտեմբերի 24-ին:
Իրավապաշտպան կազմակերպությունների և անկախ աղբյուրների տվյալներով՝ 2026 թվականի օգոստոսի վերջի դրությամբ Հայաստանի Զինված ուժերում գրանցվել է ոչ մարտական պայմաններում զինծառայողների մահվան 31-35 դեպք։ Հայաստանի Պաշտպանության նախարարության պաաշտոնական վիճակագրությունն այլ թիվ է ներկայացնում․ 2026 թվականի օգոստոսի կեսերի դրությամբ գերատեսչությունը պաշտոնապես հաստատել է մահվան 11 դեպք (որից 5-ը ժամկետային զինծառայողների շրջանում), սակայն իրավապաշտպաններն ու ընդդիմադիր պատգամավորները պնդում են, որ պաշտոնական տվյալները չեն արտացոլում խնդիրների իրական մասշտաբները և ներառում են պատահարների մի մասը միայն:-


