Արմինֆո: Նոյեմբերի 10-ին Երևանում կկայանա ԱՊՀ անդամ պետությունների արդարադատության նախարարների խորհրդի 20-րդ նիստը, որի կազմակերպման համար հատկացվել է 11.1 միլիոն դրամ: Այս մասին որոշումն ընդունվել է նոյեմբերի 5-ին կայացած կառավարության նիստում:
Որոշման նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ ՀՀ արդարադատության նախարարության և ԱՊՀ անդամ պետությունների իրավասու արդարադատության մարմինների միջև տարիներ շարունակ հաստատվել և պահպանվում է սերտ և փոխշահավետ համագործակցություն՝ ուղղված արդարադատության ոլորտում փորձի փոխանակմանը, մասնագիտական երկխոսության խորացմանը և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համագործակցության զարգացմանը: Համագործակցության ամենակարևոր հարթակներից մեկը ԱՊՀ անդամ պետությունների արդարադատության նախարարների խորհուրդն է, որի գործունեությունն ուղղված է արդարադատության ոլորտում անդամ պետությունների միջև համագործակցության առաջնահերթությունների քննարկմանը, համատեղ նախաձեռնությունների և միջոցառումների բացահայտմանը, ինչպես նաև արդիական իրավական և ինստիտուցիոնալ հարցերի վերաբերյալ դիրքորոշումների և փորձի փոխանակմանը: Իր նիստերի ընթացքում Խորհուրդը քննարկում է ԱՊՀ անդամ պետություններում արդարադատության ոլորտի թվայնացմանը, մարդու իրավունքների պաշտպանությանը, կոռուպցիայի դեմ պայքարի քաղաքականությանը, փոխադարձ իրավական օգնությանը և այլ ոլորտներին վերաբերող արդիական հարցեր: Խորհուրդը ստեղծվել է ԱՊՀ անդամ պետությունների ղեկավարների 2005 թվականի օգոստոսի 26-ի որոշմամբ։ Խորհրդի 19-րդ նստաշրջանը տեղի է ունեցել 2025 թվականի հունիսի 25-ին Մինսկում, և քննարկումներից հետո Խորհրդի 2026 թվականի նախագահությունը փոխանցվել է Հայաստանի Հանրապետությանը։ Հետևաբար, Խորհրդի 20-րդ նստաշրջանը նախատեսված է անցկացնել 2026 թվականի նոյեմբերի 10-ին Երևանում։
Խորհրդի նախագահության ստանձնումը Հայաստանի Հանրապետության կողմից ենթադրում է ոչ միայն Խորհրդի աշխատանքների շարունակական համակարգում, այլև Խորհրդի հաջորդ նստաշրջանը միջազգային ճանաչված պրակտիկային և չափանիշներին համապատասխան կազմակերպելու, ինչպես նաև ընդունող երկրի վրա դրված արձանագրային և կազմակերպչական պարտավորությունները պատշաճ կերպով կատարելու անհրաժեշտություն։ Խորհրդի նստաշրջանին կմասնակցեն Խորհրդի անդամ պետությունների արդարադատության նախարարները, ԱՊՀ անդամ պետությունների փաստաբանական և նոտարական գործունեության ոլորտի հիմնական կազմակերպությունների ղեկավարները և այլ պաշտոնատար անձինք։ Կանցկացվեն մասնագիտական քննարկումներ, երկկողմ և բազմակողմ հանդիպումներ, ինչպես նաև ընդունելություն։
Միջոցառումը հնարավորություն կտա ամրապնդել արդարադատության ոլորտում առկա համագործակցությունը Հայաստանի Հանրապետության և ԱՊՀ անդամ պետությունների միջև, ընդլայնել մասնագիտական կապերը, խթանել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում հետագա համագործակցության հնարավորությունները և պատշաճ կերպով կատարել Խորհրդում Հայաստանի Հանրապետության նախագահության բարձր պատասխանատվությունը։