
ԱրմԻնֆո. Այսօր առաջարկով հանդես գալու հերթը ընդդիմությանն է, ընդ որում՝ այդ առաջարկի հասցեատերը պետք է լինի հայ հասարակությունը։ Այսպես քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը արձագանքեց «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանի և «Ուժեղ Հայաստան» խորհրդարանական խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանի տներում կատարված խուզարկություններին։
Քաղաքագետը ենթադրեց, որ հավանաբար հենց դա է այն «առաջարկը», որը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոստացել էր անել ընդդիմությանը՝ նոր Սահմանադրության ընդունման համատեքստում։ «Համագործակցային իշխանությունը, որը ծնկաչոք կատարում է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի պահանջները, պարզապես չի կարող այլ լեզվով խոսել իր ընդդիմության հետ։ Փաշինյանի քաղաքական զինանոցում, ըստ էության, մնացել են միայն բռնությունն ու բռնաճնշումները։ Դրանց օգնությամբ նա փորձում է պահպանել իշխանությունը, չեզոքացնել քաղաքական դիմադրությունը և բարենպաստ պայմաններ ստեղծել արտաքին պարտավորությունների կատարման համար։ Սակայն ես համոզված եմ, որ այսօր առաջարկով հանդես գալու հերթը ընդդիմությանն է։ Ընդ որում՝ այդ առաջարկի հասցեատերը պետք է լինի հայ հասարակությունը», - նշել է Սուրենյանցը։
Նա պարզաբանել է, որ խոսքը երկրի ինքնիշխանության ամրապնդման, անվտանգության ապահովման, արժանապատիվ և երաշխավորված խաղաղության հաստատման հստակ քաղաքական այլընտրանքի մասին է։ «Իսկ այդ ճանապարհին առաջին և անհրաժեշտ քայլը Փաշինյանի անփառունակ իշխանությանը երկրի կառավարումից հեռացնելն է», - համոզված է քաղաքագետը։
Եզրափակելով՝ նա իր աջակցությունն ու համերաշխությունն է հայտնել Սամվել և Նարեկ Կարապետյաններին ու «Ուժեղ Հայաստան» կուսակցությանը։
Հիշեցնենք, որ «Ուժեղ Հայաստան» կուսակցության մամուլի քարտուղար Աղավնի Սուքիասյանը հայտնել էր, որ վաղ առավոտից Հայաստանի Քննչական կոմիտեի քննիչները խուզարկություններ են անցկացնում «Ուժեղ Հայաստան» դաշինքի առաջնորդ Սամվել Կարապետյանի և «Ուժեղ Հայաստան» խորհրդարանական խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանի տներում։ Նա նշել էր, որ խուզարկություններ են անցկացվում նաև Կարապետյանների ընտանիքի հետ կապված այլ հասցեներում։ Ավելի ուշ Հայաստանի ՔԿ մամուլի քարտուղար Կիմա Ավդալյանը հայտնել էր, որ խուզարկությունները միաժամանակ անցկացվում են 65 հասցեներում։
Ավելացնենք, որ Փաշինյանն ավելի վաղ հայտարարել էր, որ նոր Սահմանադրության ընդունմանը խորհրդարանական ընդդիմության հակազդելու դեպքում իշխող մեծամասնությունը կսկսի ձևավորել հասարակական ճնշում։ Բացի այդ, նա նշել էր, որ «իշխանությունները խորհրդարանական ընդդիմության համար կարող են նոր Սահմանադրության վերաբերյալ այնպիսի առաջարկ ձևակերպել, որից նա չի կարողանա հրաժարվել»։