


Արմինֆո. Հոկտեմբերի 29-ին Ամենայն հայոց Գարեգին Բ կաթողիկոսը Մայր աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է Օքսֆորդի համալսարանի Բլեքֆրայերս Հոլի Լաս Կասասի սոցիալական արդարության ինստիտուտի տնօրեն, ավագ գիտաշխատող դոկտոր Հյուգո Սլիմին։
Մայր աթոռի տեղեկատվական համակարգի հաղորդագրության համաձայն, հանդիպմանն անդրադարձ է կատարվելց Հայոց Եկեղեցու հոգեխնամ ու ազգապահպան առաքելությանը, բռնի տեղահանված արցախահայության իրավունքների պաշտպանությանն ու սոցիալական խնդիրներին, ինչպես նաև Արցախի հայկական հոգևոր-մշակութային ժառանգության պահպանությանն ուղղված քայլերին։ Կարևորվել է քրիստոնեական Եկեղեցիների, գիտական շրջանակների և մարդասիրական կառույցների գործակցությունը՝ ի նպաստ մարդու իրավունքների պաշտպանության և սոցիալական արդարության հաստատման։
Զրույցի ընթացքում մտքեր են փոխանակվել Բլեքֆրայերս Հոլի ու Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի հայոց թեմի միջև համագործակցության ընդլայնման, արցախահայության իրավունքների ու հայկական ժառանգության պաշտպանության վերաբերյալ ակադեմիական հետազոտությունների կազմակերպման և Օքսֆորդում գիտաժողովների անցկացման շուրջ։ Քննարկվել են նաև Բլեքֆրայերս Հոլում հոգևորականների ուսումնառության և հետազոտական աշխատանքի հնարավորությունները։


