


Արմինֆո.Երևանում կնկարահանվի ռեժիսոր Մայք Նիքոլսի "Մտերմություն" (2004թ., ԱՄՆ) դրամայի հայկական տարբերակը, որտեղ գլխավոր դերերը կատարել են Ջուլիա Ռոբերթսը, Նատալի Փորթմանը, Ջուդ Լոուն և Քլայվ Օուենը:
Նիքոլսի ֆիլմը նկարահանվել է բրիտանացի դրամատուրգ Պատրիկ Մարբերի համանուն պիեսի մոտիվներով։ 1998 թվականին այդ գործը ստացել է Լոուրենս Օլիվիեի մրցանակ ՝ որպես լավագույն նոր պիես, ինչպես նաև՝ Evening Standard և Critics' Circle պարգեւներ։ Բացի այդ, բեմադրությունն արժանացել է Նյու Յորքի թատերական քննադատների ընկերության մրցանակին՝ լավագույն արտասահմանյան պիես անվանակարգում։
Հայաստանում այդ ֆիլմի նկկարահաանումը կստանձնի ռեժիսոր Նարեկ Ներսիսյանը, ով լայն հանրությանը առավելապես հայտնի է որպես դերասան: Ճիշտ է, նրա կարիերայում կան մի քանի կարճամետրաժ ֆիլմեր, որտեղ նա հանդես է եկել որպես ռեժիսոր, բայց այս նախագիծը, ըստ էության, կդառնա նրա դեբյուտային լիամետրաժը: Հայաստանում ֆիլմը մեծ էկրան կբարձրանա արդեն 2027 թվականի ապրիլին՝ "Հպում" անվանմամբ, այնուհետև ցուցադրություններ տեղի կունենան ԱՄՆ-ում, Եվրոպայում և ՌԴ-ում:
Չնայած այն հանգամանքին, որ ֆիլմը նկարահանվելու է բրիտանական պիեսի մոտիվներով, սցենարը, ինչպես պատմել է ռեժիսորը լրագրողների հետ հանդիպման ժամանակ, հարմարեցվել է հայկական իրականությանը։ Տեքստի ադապտացման վրա աշխատել է Անահիտ Աղազարյանը։ Ֆիլմում նկարահանվում են Դիանա Մալենկոն, Լուիզա Ներսիսյանը, Սոս Ջանիբեկյանը և Լևոն Հախվերդյանը: Նարեկ Ներսիսյանը հանդես է եկել նաև որպես ֆիլմի պրոդյուսեր, երկրորդ ռեժիսորը Սասուն Մելիքյանն է, բեմադրող օպերատորը՝ Ֆելիքս Շախտոյանը, կրեատիվ պրոդյուսերը և փիար-մենեջերը՝ Արմինե Բրսոյանը։


