
ԱրմԻնֆո. Իսրայելի գործող վարչապետ Բինյամին Նեթանյահուի գլխավորած «Լիկուդ» կուսակցությունը երկրում հոկտեմբերի 27-ին կայացած խորհրդարանական ընտրություններում առաջատար է՝ ձայների 76,8%-ի հաշվարկից հետո, հայտնել է The Times of Israel-ը՝ վկայակոչելով Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախնական տվյալները։
Ինչպես հայտնում է Forbes-ը, այդ տվյալների համաձայն՝ Նեթանյահուի կուսակցությունը 120-տեղանոց խորհրդարանում ստանում է 27 մանդատ, իսկ ընդդիմության գլխավոր մրցակից Գադի Այզենկոտը «Յաշար» կուսակցությամբ զբաղեցնում է երկրորդ տեղը՝ ստանալով 20 տեղ։
Միաժամանակ Նեթանյահուի կողմնակից կուսակցությունների դաշինքը՝ «Լիկուդ»-ի գլխավորությամբ, ըստ նախնական տվյալների, խորհրդարանում ստանում է 54 տեղ։ Իսկ Այզենկոտի գլխավորած դաշինքը՝ 47։
Արաբական կուսակցությունները, ըստ նախնական տվյալների, խորհրդարանում ստանում են 19 տեղ։
Ընտրություններից առաջ Նեթանյահուի կուսակցությունների դաշինքը խորհրդարանում վերահսկում էր 55 մանդատ, իսկ ընդդիմությունը՝ 49 տեղ։ Իշխող մեծամասնություն ձևավորելու համար անհրաժեշտ է կոալիցիա, որը Կնեսետում կվերահսկի 61 տեղ։
«Դեմոկրատներ» կուսակցության առաջնորդ Յաիր Գոլանը կոչ է անում Այզենկոտի դաշինքի մեջ մտնող կուսակցություններին գործընկերություն հաստատել արաբական կուսակցությունների հետ՝ Կնեսետում տեղերի մեծամասնությունն ապահովելու և կառավարություն ձևավորելու համար։ «Նեթանյահուն պարտվել է։ Ես կարողանում եմ հաշվել մինչև 120», — գրել է նա X սոցիալական ցանցում։
Իսրայելի ԿԸՀ-ն ձայների հաշվարկի արդյունքները կհայտնի հոկտեմբերի 29-ին։ Ընտրությունների վերջնական արդյունքները պետք է հրապարակվեն ոչ ուշ, քան նոյեմբերի 4-ը։ Այս արդյունքները ստանալուց հետո երկրի նախագահ Իցհակ Հերցոգը խորհրդակցություններ կսկսի Կնեսետ անցած կուսակցությունների ներկայացուցիչների հետ, որոնց արդյունքներով կուսակցությունների առաջնորդներից մեկին կհանձնարարի ձևավորել նոր կառավարական կոալիցիա։
Սովորաբար վարչապետի թեկնածու է դառնում Կնեսետում ամենամեծ թվով մանդատներ ստացած կուսակցության առաջնորդը։ Սակայն Իսրայելի նախագահը կարող է կուսակցություններից մեկի առաջնորդին հանձնարարել ստեղծել կոալիցիա, որը կվերահսկի 61 մանդատ։ Եթե վեց շաբաթվա ընթացքում 61 պատգամավորական մանդատ վերահսկող կոալիցիա չձևավորվի, ապա 90 օր անց կնշանակվեն նոր ընտրություններ։