


Արմինֆո."Ապրելու երկիր" կուսակցությունը հաղթահարել է անցողիկ շեմը բոլոր համայնքներում, որտեղ մասնակցել է ՏԻՄ ընտրություններին, և ներկայացված է լինելու ավագանու կազմերում: Այդ մասին հաղորդել է քաղաքական ուժի հիմնադիրներից մեկը՝ Մանե Թանդիլյանը։
«Հոկտեմբերի 25-ի ՏԻՄ ընտրություններում «Ապրելու երկիր» կուսակցությունը 6 համայնքներում արձանագրեց հետևյալ արդյունքները․ Մեղրի- 18,82%, Դիլիջան-16,24%, Արթիկ- 8,84%, Ջերմուկ- 7,20%, Գորիս- 6,41% («Ապրելու քվե» դաշինք), Մարտունի-4,81%։
Բոլոր համայնքներում կուսակցությունը հաղթահարել է անցողիկ շեմը և ներկայացված կլինի ավագանու կազմերում։ Համայնքներում մեծ մասում «Ապրելու երկիր» կուսակցությունը զգալիորեն գերազանցել է նախորդ ընտրություններում արձանագրված արդյունքները։
Թեև բուն քվեարկության գործընթացն անցավ ոչ լայնածավալ խախտումներով, սակայն ինչպես մեր թիմակիցների, այնպես էլ ընդդիմադիր այլ թեկնածուների նկատմամբ բռնաճնշումները, ապօրինի ձերբակալությունները, վարչական ռեսուրսի համատարած կիրառումը, այդ թվում՝ ընտրողների նկատմամբ ճնշումները ստեղծեցին ծայրահեղ անհավասար պայմաններ ընտրություններին մասնակից ուժերի համար։
Այդպիսով, «Ապրելու երկիր» կուսակցությունն արձանագրում է, որ ՏԻՄ ընտրությունների արդյունքներն ամենևին չեն արտահայտում քաղաքացիների իրական քաղաքական նախապատվությունները, և այս ընտրությունները ևս մեկ քայլ նահանջ են ժողովրդավարության սկզբունքներից։
«Ապրելու երկիր» կուսակցությունը շնորհակալություն է հայտնում իրենց ձայնը տված հազարավոր քաղաքացիներին և վստահեցնում, որ մենք շարունակում ենք մեր պայքարը հզոր ու ժողովրդավար պետություն կառուցելու գործում», - ասվում է Թանդիլյանի Facebook-յան էջի գրառման մեջ:


