


ԱրմԻնֆո. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Էջմիածնում ընդունել է COP17 համաժողովին մասնակցող Անգլիկան եկեղեցու պատվիրակության ղեկավար եպիսկոպոս Գրեհեմ Բարհամ Աշերին։
Ըստ Մայր Աթոռ Էջմիածնի մամուլի ծառայության, հանդիպման ընթացքում Ամենայն Հայոց Կաթողիկոսը գոհունակությամբ նշել է Հայ Առաքելական և Անգլիկան եկեղեցիների միջև բարեկամական հարաբերությունները՝ երախտագիտություն հայտնելով Հայ Եկեղեցուն և հայ ժողովրդին ցուցաբերվող աջակցության համար։
Հայոց Պատրիարքը նաև ընդգծել է միջեկեղեցական երկխոսության և համագործակցության կարևորությունը մարդկության առջև ծառացած մարտահրավերները հաղթահարելու գործում։ Այս համատեքստում Նորին Սրբությունը շեշտել է քրիստոնեական հավատքի դերը մարդու հոգևոր և բարոյական նկարագրի ձևավորման գործում՝ արարչագործության նկատմամբ հոգատարությունը դիտարկելով որպես Աստծո և մերձավորի նկատմամբ սիրո և պատասխանատվության արտահայտություն։
Իր հերթին եպիսկոպոս Գրեհեմ Աշերը ընդգծել է երկու եկեղեցիների միջև դարավոր հարաբերությունները և միջեկեղեցական համագործակցությունը՝ իր աջակցությունը հայտնելով Ամենայն Հայոց Կաթողիկոսին և հայ ժողովրդին։


