


ԱրմԻնֆո. ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնական, ՄԱԿ-ի զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) ադմինիստրատորի տեղակալ և Եվրոպայի ու ԱՊՀ երկրների տարածաշրջանային բյուրոյի տնօրեն Իվանա Ժիվկովիչը կայցելի Հայաստան։
Այցը կկայանա հոկտեմբերի 26-ից 31-ը։ Ժիվկովիչը կմասնակցի Կենսաբազմազանության մասին ՄԱԿ-ի կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի (CBD COP17) շրջանակում անցկացվող բարձր մակարդակի միջոցառումներին, որոնք ուղղված են կենսաբազմազանության ոլորտում Կունմին-Մոնրեալի գլոբալ շրջանակային ծրագրի իրականացման արագացմանը, կենսաբազմազանության պահպանման ֆինանսավորման խթանմանը և գլոբալ պարտավորությունները ազգային ու տեղական մակարդակներում կոնկրետ գործողությունների վերածելուն։
Այս քննարկումների ընթացքում առանձնահատուկ ուշադրություն կդարձվի պարտավորություններից իրական արդյունքների անցման անհրաժեշտությանը, կենսաբազմազանության պահպանման համար պետական և մասնավոր ֆինանսավորման մոբիլիզացմանը, բնապահպանական առաջնահերթությունների՝ տնտեսական ծրագրերում և զարգացման ռազմավարություններում ինտեգրմանը, ինչպես նաև տեղական պայմաններն ու մարդկանց շահերը հաշվի առնելով նախաձեռնությունների իրականացումն ապահովելուն։
Ժիվկովիչի այցը նաև կհաստատի Հայաստանի կառավարության, զարգացման գործընկերների և ՄԱԶԾ-ի միջև ռազմավարական գործընկերությունը, ինչպես նաև հնարավորություն կտա անմիջապես տեղում ամփոփել ՄԱԶԾ-ի գործունեության արդյունքները։
COP17-ի շրջանակում անցկացվող միջոցառումներից հետո Ժիվկովիչը կայցելի Սյունիքի մարզ, որտեղ կծանոթանա ՄԱԶԾ-ի և գործընկերների աջակցությամբ իրականացվող մի շարք նախաձեռնությունների։


