


Արմինֆո.Այն, որ առաջիկա տարում Հայաստանում նոր ընտրություններ են լինելու, փաստ է, քանի որ ներկայիս խորհրդարանը լեգիտիմ չէ։ Լրագրողների հետ զրույցում նման կարծիք է հայտնել ընդդիմադիր "Հայաստան" խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը՝ մեկնաբանելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի այսօրվա հայտարարությունն այն մասին, որ նոր սահմանադրության ընդունման համար չի բացառվում արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացումը:
Պատգամավորն ընդգծել է, որ Ադրբեջանի նախագահը Նիկոլ Փաշինյանին ժամկետներ է սահմանել, որոնցում նա պետք է տեղավորվի նոր սահմանադրություն ընդունելու համար: "Նա սահմանադրական մեծամասնություն չի ստացել, բայց նրան օդի պես պետք է Ալիևի նոր սահմանադրությունը փաթաթել ժողովրդի վզին", - նշել է Դանիելյանը։
Նրա կարծիքով՝ Նիկոլ Փաշինյանը խորհրդարանում կհասնի այն բանի, որ շանտաժի կամ այլ գործիքների, այդ թվում ՝ խրախուսանքի միջոցով ընդդիմադիր պատգամավորներին իր կողմը կգրավի: «Բայց, կարծում եմ, դա նրան չի հաջողվի։ Իսկ եթե, նույնիսկ, ստացվի, ապա մեր քաղաքացիներն իրենց վճռական "ոչ"-ը կասեն", - վստահեցրել է Դանիելյանը։
Նշենք, որ այսօր ճեպազրույցի ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ եթե իրենց չհաջողվի ընդդիմության գործընկերներին համոզել, որ նոր Սահմանադրության ընդունումը պետության հարատևությունն ապահովող կարևոր և սկզբունքային հարց է, ապա, հնարավոր է, որ տեղի ունենան արտահերթ խորհրդարանական ընտրություններ: «Ո՞վ ասաց, որ այս սցենարը բացառվում է», - հարցրել է վարչապետը։


